Ուկրաինան կշտամբում է Վրաստանին Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը վերականգնելու մտադրության համար

ուկրաինա վրաստան կաթնամթերք ռուսաստան

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական ​​հակասությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները քննադատեցին Վրաստանին Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը վերսկսելու մտադրության համար:

Մարտի 5-ին Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, հայտարարեց, որ վերացրել է վրացական 15 ընկերությունների համար սահմանված արգելքը, որով նրանց թույլ չէր տրվում իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան։

Ռոսսելխոզնադզորի այս քայլը տեղի է ունենում Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ միջազգային աննախադեպ պատժամիջոցների ֆոնին:

Կիրակի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի կառավարությանը կոչ արեց հրաժարվել ռուսական արգելքի վերացումից։

«Կոչ ենք անում պաշտոնական Թբիլիսիին հրապարակայնորեն հեռու մնալ Ռուսաստանի Դաշնության որոշումից, որի ղեկավարությունը խախտում է միջազգային իրավունքը և ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում»,- ասվում էր հայտարարությունում։

«Ռուսական ընկերությունների հետ բիզնես վարելը Ռուսաստանին լրացուցիչ ռեսուրսներ է տրամադրում Ուկրաինայի դեմ իր դաժան պատերազմը շարունակելու համար, և հետևաբար՝ ստացված շահույթը թաթախված է Ուկրաինայի սպանված քաղաքացիների արյան մեջ:

«Արդյո՞ք կաթնամթերք արտադրող վրացական 15 ընկերությունների նկատմամբ չեղարկված պատժամիջոցներն ավելին արժեն, քան մեր հազարամյա բարեկամությունը»,- տեսաուղերձում հարցադրում էր արել Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Ողջույն, գենացվալե․ ես միշտ այսպես եմ դիմել խորհրդարանի իմ վրացի գործընկերներին. Ինչպե՞ս ստացվեց, գենացվալե, որ ձեր եղբայր Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում որոշեցիք առևտուր անել այն երկրի հետ, որը հարձակվել էր մեզ և ձեզ վրա։

Վրաստանի կառավարությունը ներքին կոշտ հակազդեցության է բախվել Ռուսաստանի ներխուժման հետ կապված իր գործողությունների և հռետորաբանության, այդ թվում՝ Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու պատճառով: Դա էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ պատժամիջոցները «արդյունավետ չեն»:

Հազարավոր մարդիկ գրեթե ամեն օր հավաքվում են Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու ռուսական ներխուժման և վրացական կառավարության արձագանքի դեմ։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երբ մարտի 1-ին հետ կանչեց Վրաստանում Ուկրաինայի դեսպանին, «անբարոյական» անվանեց Արևմուտքի պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի որոշումը, ինչպես նաև այն, որ Վրաստանն արգելեց չարտերային թռիչքը, որը պետք է վրացի կամավորներին Ուկրաինա տեղափոխեր։

Կիրակի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արած խիստ քննադատական հայտարարությունն ի ցույց դրեց այն հսկայական տարբերությունը, որն այս հարցում առկա է վրաց ժողովրդի (որը, պնդում է, որ «լավ է գիտակցում պատերազմի սարսափները, որոնց միջով ուկրաինացիները ստիպված են անցնել հիմա) և վրացական իշխանությունների դիրքորոշման մեջ, որոնք «փորձում էին օգտվել առիթից սեփական շահերը սպասարկելու համար»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի որոշումը կապեց պատժամիջոցների վերաբերյալ Վրաստանի կառավարության դիրքորոշման հետ։

Կիևի հայտարարությունն արվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Վրաստանի Պարենի ազգային գործակալությունը հաստատեց, որ Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում 2020-ից:

Կիրակի վրացական «Դրոա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան ի նշան Վրաստանի որոշման դեմ բողոքի «ռուսական կետչուպ» թափեց Վրաստանի կառավարության վարչական շենքի մուտքի մոտ, ինչից հետո ոստիկանները նրան անմիջապես ձերբակալեցին։ Երբ կուսակցության ներկայացուցիչները ևս մի քանի նման փորձ արեցին, ոստիկանությունը վարչական կալանքի տակ վերցրեց «Դրոա»-ի երկու անդամի:

Լուսանկարը՝ Newsreport-ի

Երկուշաբթի կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակվում էր, վարչապետ Ղարիբաշվիլին մեկնաբանություն չարեց առևտրի հարցի շուրջ։ Նիստից հետո գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան ասաց, որ Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը «հնարավորություն» է վրացական ընկերությունների համար՝ խոստանալով քայլեր ձեռնարկել Վրաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։

Ղարիբաշվիլին նաև չանդրադարձավ Ռուսաստանի հետ թռիչքների հնարավոր վերականգնմանը, ինչը մարտի 5-ին չէր բացառել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը՝ պայմանով, որ Վրաստանը չմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Ռուսաստանը Վրաստանի հետ օդային հաղորդակցությունն արգելել է 2019-ի հունիսին՝ Թբիլիսիում հակառուսական և հակակառավարական ցույցերից (հայտնի որպես «Գավրիլովի գիշեր») մի քանի շաբաթ անց։

Վրաստանի կառավարությանը շարունակաբար կոչեր են արվում, այդ թվում՝ «Ամոթ» լիբերալ խմբավորման կողմից, որպեսզի երկիրը միանա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, Ռուսաստանի համար փակի Վրաստանի օդային տարածքը, արգելի երկրում «ռուսական քարոզչությունն» իրականացնող ալիքների գործունեությունը և ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանի Վրաստան այցելելու ժամանակ։

Մեկնաբանել