Ադրբեջանական ոստիկանությունը չի արգելել կանանց երթը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցույց Բաքվում. Լուսանկարը՝ Meydan TV.

Իսմի Աղաև, OC Media

Ի տարբերություն վերջին տարիների՝ այս տարի ադրբեջանական ոստիկանությունը չի արգելել կանանց իրավունքների պաշտպանների երթը Բաքվում։

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Ադրբեջանի ֆեմինիստական շարժումը ցույց էր կազմակերպել Բաքվի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակում։

Շատրվանների հրապարակում հավաքված մի քանի տասնյակ մարդիկ հայտարարեցին, որ Ադրբեջանում իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն հետաքննում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ բողոքները, և որ ոստիկանությունը ընտանեկան բռնության ենթարկվածներին խորհուրդ է տալիս հաշտվել իրենց ամուսինների հետ և վերադառնալ տուն։

Ցուցարարները վանկարկում էին «Հաշտվե՛ք, հետաքննե՛ք», «Բռնությունն իրավունքներ չունի՛», «Կանա՛յք, միացե՛ք, չկա՛ լռություն, կա ապստամբություն» և այլ կարգախոսներ։

Սոցցանցերում մի քանի օր առաջ էր հայտարարվել բողոքի ցույցի մասին, որին ներկա էին մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նրանք չմիջամտեցին ցույցին։

Անցյալ տարի առնվազն 25 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից ցույցը սկսվելու պահին դրա բռնի ցրման արդյունքում։

Այս տարի բողոքի ցույցի առաջնորդները կարդացին ակցիայի հայտարարությունը, որում ասվում էր՝ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունն ու սպանությունները կանխարգելելու համար։

«Ստամբուլի կոնվենցիան պետք է ընդունվի […] Բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ՝ անկախ նրանց սեռից կամ սեռական կողմնորոշումից»։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը ցույցից հետո հայտարարել է․ «Մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ կանանց կազմակերպած ցույցն ավարտվել է բացառիկ անվտանգությամբ։ Ոչ ոք չի բերման ենթարկվել»։

Մեկնաբանել