Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո

Հայաստանից Արցախ գնացող վթարված գազատարի տարածքում սկսվել են ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները: Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են»,- ասել է Թադևոսյանը։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Մեկնաբանել