Չեչեններ, որոնք զենք են վերցնում հանուն Ուկրաինայի

Չեչեններ, որոնք զենք են վերցնում հանուն Ուկրաինայի

«Շեյխ Մանսուր» գումարտակի անդամները՝ ուկրաինական զորքերի դեղին թևկապներով։ Կենտրոնում գումարտակի հրամանատար Մուսլիմ Չեբերլոևսկին Է։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Մինչ Չեչնիայում Պուտինի մարդը՝ Ռամզան Կադիրովը, ուշադրություն է գրավել Ուկրաինա ռուսական ներխուժմանն իր ուռճացված աջակցության համար, մյուս չեչենները կրկին զենք են վերցնում ընդդեմ Ռուսաստանի:

Փետրվարի 25-ին` Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հաջորդ օրը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որպես ուժի ցուցադրություն ՌԴ անվտանգության ուժերի ավելի քան 10 000 անդամի հավաքեց Գրոզնիի կենտրոնում։

«Մենք հավաքվել ենք ապահովելու մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։ Ուստի ևս մեկ անգամ հավաքվեցինք ցույց տալու, որ սատարելու ենք գերագույն գլխավոր հրամանատարի [Վլադիմիր Պուտինի – խմբ․] ցանկացած որոշում։ Մենք ձեզ չենք հիասթափեցնի: Կկատարենք ցանկացած հրաման»,- Կադիրովն ասում էր պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող տեսանյութում։

Հաջորդ օրը Կադիրովը Telegram-ում հայտարարեց, որ Չեչնիայից պատերազմին մասնակցում են Ռուսաստանի ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) զինծառայողները։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այն չեչեն մարտիկները, որոնք ծառայում են Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Հաջի Կադիրովի [Ռամզան Կադիրովի հայրն է – խմբ․] որդեգրած ուղեգծին, կանցնեն Ուկրաինայի ամենաթեժ կետերով»,- ասել է նա։

Կադիրովը նաև Telegram-ում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայում ինչ-որ տեղ զինվորը բարձրացնում Չեչնիայի Հանրապետության դրոշը՝ Ախմաթ Կադիրովի դիմանկարով:

Չեչեն վտարանդի իրավապաշտպան Ախմեդ Գիսաևը, որն այժմ բնակվում է Նորվեգիայում, կարծում է, որ չեչեն զինվորների օգտագործումը ռազմական նշանակություն չուներ, այն ավելի շուտ քարոզչական գործիք էր:

«Ռուս-չեչենական երկու պատերազմների ժամանակ չեչենները խիզախ և շատ դաժան մարտիկների համբավ ձեռք բերեցին, ինչը Պուտինի քարոզիչներն օգտագործում են ուկրաինացիներին բարոյապես կոտրելու համար՝ բռնի ուժով Ուկրաինա ուղարկելով Ռոսգվարդիայի չեչեն զինվորներին»,- ասել է նա:

Գիսաևը նաև նշել է, որ Ուկրաինայում «կադիրովականների» (Ռամզան Կադիրովի հրամանատարության տակ գտնվող անվտանգության ուժերին բնութագրող եզրույթ) մասին խոսակցությունները մոլորեցնող են:

Հակառակ դրան՝ պարզվել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի համար կռվող չեչենները Ռուսաստանի ազգային գվարդիայի անդամներ են՝ ներքին անվտանգության կիսառազմական ուժեր, որոնք անմիջապես նախագահ Պուտինին են ենթարկվում:

«Այսպես կոչված «կադիրովականները», որոնց վրա կենտրոնացած է ողջ ուշադրությունը, մարտական փորձ չունեն. նրանք պարզապես գլամուրային և լավ խնամված ոստիկաններ են, որոնք կրում են Prada ընկերության արտադրած երկարաճիտ կոշիկներ և ոչ մի պարագայում չեն համաձայնի դրանք կեղտոտել Կիևի մերձակայքում գտնվող ցեխերի մեջ»,- ասել է նա։

«Իսկական չեչենները պաշտպանում են Ուկրաինան»

Իրականում, շատերը, որոնց շնորհիվ չեչենական առաջին (1994-1996) և երկրորդ (1999-2009) պատերազմների ժամանակ չեչենները դաժան համբավ ձեռք բերեցին, այժմ Ուկրաինայում պայքարում են ոչ թե հանուն, այլ ընդդեմ Ռուսաստանի։

2014-ից ի վեր Դոնբասում չեչենական կամավորական երկու գումարտակներ՝ «Շեյխ Մանսուր» և «Ջոխար Դուդաև», կռվել են Ռուսաստանի աջակցությունն ստացող անջատողականների և ռուսական կանոնավոր ուժերի դեմ։ Իչկերիայի Չեչենական Հանրապետության անկումից հետո, որը դե ֆակտո անկախ կառավարություն էր և վերահսկում էր Չեչնիան երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, այս երկու գումարտակների մարտիկների մեծ մասը փախել է Ռուսաստան։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր այս երկու խմբավորումները բազմաթիվ աուդիո և վիդեո հաղորդագրություններ են տարածել, ինչպես նաև հրապարակումներ արել սոցցանցերում՝ խոստանալով աջակցել ուկրաինացիների պայքարին:

Փետրվարի 27-ին «Ջոխար Դուդաև» գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևը խոստացել է օգնել, որպեսզի Ուկրաինան հաղթի։

«Ուզում եմ ուկրաինացիներին ասել, որ իսկական չեչեններն այսօր պաշտպանում են Ուկրաինան,- ասել է Օսմաևը,- Մենք կռվել ենք և կշարունակենք Ուկրաինայի համար պայքարել մինչև վերջ»։

«Աստծո կամոք հաղթանակը մեզ հետ կլինի։ Մենք հաղթանակ ենք տոնելու Մոսկվայում, Չեչնիայում, Ղրիմում, Սևաստոպոլում, եթե Աստված կամենա»։

Փետրվարի 28-ին հղած մեկ այլ ուղերձում Օսմաևը Ռուսաստանի ազգային գվարդիայում կռվող չեչեններին կոչ է անում անցնել մյուսը կողմը և կռվել հանուն Ուկրաինայի։

«Քանզի ողջ քաղաքակիրթ աշխարհն օգնում է Ուկրաինային, ուստի ես կոչ եմ անում, որ նրանք նույնպես անցնեն Ուկրաինայի կողմը, այստեղ, նույնիսկ հրամանատարական կազմի, գեներալների մեջ ազգությամբ չեչեններ կան, որոնք հոգ կտանեն ձեր մասին։ Ես նաև հորդորում եմ այս մարդկանց բոլոր հարազատներին և ընկերներին հնարավորինս շուտ իրենց երեխաներին տանել այստեղից»։

«Առհասարակ անհնար է պատկերացնել, որ չեչենները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանի կողմից ցեղասպանության են ենթարկվել, այսօր կռվում են Ռուսաստանի կողմից․ դա անընդունելի է ինչ տեսանկյունից էլ մոտենանք հարցին՝ լինի կրոնական, թե այլ»,- ասել նա։

Եվ նրանց թիվը կարող է աճել։ Փետրվարի 26-ին Ախմեդ Զաքաևը, որը Իչկերիայի կառավարությունում փոխվարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, այնուհետև մի քանի տարի ղեկավարել է Իչկերիայի վտարանդի կառավարությունը, ասել է, որ չեչենները ամբողջ Եվրոպայից պատրաստ են գնալ Ուկրաինայի համար կռվելու:

«Եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող չեչեններ, որոնք ցանկանում են գնալ և պայքարել ուկրաինացի ժողովրդի ազատության համար, դիմել են Իչկերիայի ապաօկուպացման պետական կոմիտեի անդամներին»,- ասել է նա:

Եվրոպայի չեչենների ասամբլեայի խոսնակը նույնպես OC Media-ին ասել է, որ իրենց ևս դիմել են չեչեններ, որոնք ցանկանում են կռվել Ուկրաինայի համար: «Ցավոք, մենք ռազմական գործերով չենք զբաղվում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք մարդասիրական և ֆինանսական օգնություն են հավաքել Ուկրաինա ուղարկելու համար։

Խնդրին լավատեղյակ աղբյուրը OC Media-ին ասել է, որ հյուսիսկովկասցի այս կամավորները միայն Չեչնիայից չեն: «Ռուսաստանի կողմից գրավված Կովկասի բոլոր երկրներից հիմա այստեղ կռվում են՝ չեչեններ, ինգուշներ, դաղստանցիներ, օսեր»,- ասել է աղբյուրը։

«Նրանց հայրենիքը օկուպացված է, բայց նրանք զենքը վայր չեն դրել և շարունակում են դիմադրել»։

«Շեյխ Մանսուր» գումարտակի անդամի ձեռքում հակատանկային հրթիռ արձակող բրիտանական արտադրության զենք է։ Ռուսական ներխուժումը կանխելու համար հազարավոր այսպիսի զենքեր են մատակարարվել Ուկրաինա։

Ախմեդ Գիսաևը, որը Իչկերիայի ներքին գործերի նախարարության պաշտոնյա է եղել, ասում է, որ չեչենների մոտիվացիան պարզ էր։

«Մեր ազատությունը ոտնահարված է Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի հանցավոր ղեկավարության կողմից,- ասել է Գիսաևը։- Չեչենները կռվում են, քանի որ նրանք շարունակում են պատերազմը ռուս զավթիչներ դեմ, և մենք ունենք միայն մեկ թշնամի` Ռուսաստանը։ Չեչնիայում, Ուկրաինայում թշնամին Ռուսաստանն է»։

«Մեծ տարբերություն չկա [կռվում ես – խմբ․] Չեչնիայում, թե Ուկրաինայում»։


«Ուկրաինայում մեզ համար ամեն ինչ դեժավյու է»

Չեչենական պատերազմներից հետո Չեչնիայում խիստ ավտորիտար կառավարման պատճառով (նույնիսկ ավելի ավտորիտար, քան Ռուսաստանի այլ շրջաններում) հանրային կարծիքի չափումը գրեթե անհնար է:

Այնուամենայնիվ, պատերազմում կռվող չեչենների մասին առցանց արձագանքները գրեթե նույնական են եղել:

Telegram-ի ալիքները, սոցցանցային խմբերը և նույնիսկ Գրոզնիի պետական հեռուստաընկերության հոդվածների և տեսանյութերի մեկնաբանությունների բաժինները լի են արձագանքներով, որոնցում քաղաքացիները հպարտությամբ են արտահայտվում Ուկրաինայի համար կռվող չեչենների մասին։

Նույնիսկ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատ Կադիրովան, դեմ է արտահայտվել պատերազմին։

«Ընկերներ, ոչ ոք ուրախ չէ այս պատերազմի համար։ Այս դժվար պահին եկեք պահենք մեր մարդկային դեմքը»,- Instagram-ի իր էջում գրել է նա։

Նույն կերպ համատարած քննադատության են արժանացել այն չեչենները, որոնք կռվում են Ռուսաստանի կողմից:

Հանրային կարծիքն այնքան ուժեղ է եղել, որ Ռուսաստանի ազգային գվարդիայի մի շարք չեչեն անդամների մայրեր հաղորդագրություններ են տարածել, որոնցում փորձում են արդարացնել իրենց որդիների գործողությունները՝ պատճառաբանելով, որ նրանք այլ ելք չունեին և ստիպված էին միանալ, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքներին:

Առցանց տիրույթում տարածվող (անշուշտ նաև Ուկրաինայի համար կռվող չեչենների կողմից) մեկնաբանություններում ընդհանուր թեմաներից է եղել զայրույթը առ այն, որ չեչեններն ասոցացվում են Ռուսաստանի գործողությունների հետ:

«Մենք [Չեչնիան – խմբ․] ներգրավված չենք սրանում։ Մենք չպետք է ասոցացվենք դրա հետ»,- ասել է Եվրոպայի չեչենների ասամբլեայի խոսնակը։

Եվրոպայի չեչենների ասամբլեայի անդամները մարտի 5-ին Փարիզում մասնակցել են Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բողոքի ցույցին:

«Այս [պատերազմը – խմբ․] դեմ է բոլոր բարոյական սկզբունքներին, մեր կրոնին՝ իսլամին, մեր սովորույթներին և ուկրաինացիների հետ տասնամյակներ շարունակ ունեցած մեր բարիդրացիական հարաբերություններին»:

«Ե՛վ ԽՍՀՄ-ի ժամանակ, և՛ դրանից հետո համերաշխություն կար ժողովուրդների այս բանտում, այս կայսրությունում ապրող ժողովուրդների միջև։ Եվ մեզանից յուրաքանչյուրն անցավ ցեղասպանությունների, սովի և տեղահանությունների միջով»:

«Մեզ համար դեժավյու է այն ամենը, ինչ տեսնում ենք Ուկրաինայում։ Զորք մտցնելու գործընթացին և ռմբակոծություններին մենք երկու անգամ ստիպված եղանք ականատես լինել»,- ասել է նա։

Անդրադառնալով պատերազմին Կադիրովի աջակցությանը՝ Ախմեդ Գիսաևն ասել է, որ Կադիրովը «չեչեն ժողովրդի ընտրությունը չէ»։

Ախմեդ Գիսաևը ստիպված է եղել փախչել երկրից այն բանից հետո, երբ Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից առևանգվել և խոշտանգվել է Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեության համար: Լուսանկարը՝ OC Media-ի։

«Նա Ռուսաստանի կողմից Չեչնիայի օկուպացիայի արդյունքն է և գործիքն օկուպացիայի, որը բռնի ուժով տեղի է ունեցել 150 000 զինվորի քողի ներքո։ Չեչեն ժողովուրդն այլընտրանք չուներ։ Նա ներդրվել է ռուս զինվորների սվինների միջոցով»,- ասել է նա։

Մարտի 2-ին «Շեյխ Մանսուր» գումարտակի չեչեն մարտիկի կոչը լայնորեն տարածվեց սոցցանցերում:

«Երդվում եմ Աստծո անունով, որ Չեչնիայի բնակչության առնվազն 90 տոկոսը ամբողջ սրտով և հոգով աջակցում է ուկրաինացի ժողովրդին, որը իմ ժողովրդի պես ենթարկվում է նույն ցեղասպանությանը»,- ասել է նա։

«Ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, ես էլ եմ լսել արտահայտությունը, որ Չեչնիան Ռուսաստանի և Բելառուսի հետ հարձակվել է Ուկրաինայի վրա և փորձում է գրավել այն»,- նշել է նա։

«Նախևառաջ՝ ուզում եմ հարց տալ երկրագնդի բոլոր մարդկանց՝ իր ազատության և անկախության համար մղած պայքարում մարդկության պատմության մեջ ո՞ր ժողովուրդն է կորցրել իր բնակչության գրեթե կեսը: Ես ձեր փոխարեն կպատասխանեմ այդ հարցին՝ դա իմ ժողովուրդն է, չեչեն ժողովուրդը»։

Մեկնաբանել