Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի

Մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից նաև բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Մարտի 10-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ Արցախում կա իրադրության լարում։

Մեկնաբանել