Արցախում ունենք իրադրության լարում. Նիկոլ Փաշինյան

«Արցախում հատկապես իրադրության լարում ունենք, որն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ»,- կառավարության մարտի 10-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն աշխատում է Արցախի կառավարության ու միջազգային գործընկերների հետ՝ իրադրության կայունացման ուղղությամբ։

Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով այլ գնահատականներ տալուց զերծ կմնա։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Մեկնաբանել