Օդեսայից Վրաստան հասած կնոջ ոդիսականը

Ժաննա Բաղաթելյա. Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Անծանոթ մարդկանց բարության շնորհիվ Ժաննա Բաղաթելիան և նրա դուստրերը կարողացել են սահմաններ հատել և հասնել Վրաստան, ու հիմա ապահով ու կուշտ են, երբ ընտանիքն արդեն փախել է Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմից:

Փետրվարի 24-ի առավոտյան Ժաննա Բաղաթելիան հանկարծակիի եկավ հզոր պայթյունի ձայնից։ Այդ պահին հասկացավ, որ պատերազմ է սկսվել: Վրաստանի 47-ամյա քաղաքացին Օդեսայի բնակիչ է և վերջին 15 տարիներին բնակվում էր Ուկրաինայում։

Ժաննան ակնկալում էր, որ պատերազմ կսկսվի, և սկսել էր տարհանման ուղիներ փնտրել մի քանի օր առաջ:

«Ես հույս ունեի, որ կարող ենք Օդեսան լքել ծովով կամ օդային ճանապարհով, բայց փետրվարի 25-ին, երբ վերջապես որոշեցինք հեռանալ, և՛ նավահանգիստը, և՛ օդանավակայանը փակ էին»,- հիշում է նա:

Մի քանի օր Ժաննան մնացել է Օդեսայում։ Այնուհետև, հանկարծակի, նա ստանում է դստեր գործընկերոջ ավտոմեքենայով Մոլդովայով Ռումինիա գնալու առաջարկ։ Ժաննան ու երկու դուստրերը ընդամենը մեկ ժամ ունեին ճամպրուկները հավաքելու համար։

Ժանան կրտսեր դստեր հետ. Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

«Ես համաձայնեցի, բայց չնայած դրան, հոգիս դեռ կտոր-կտոր է լինում»,- ասում է Ժաննան։ Նա ունի ևս երկու դուստր, որոնք ամուսնացած են և որոշել են մնալ Ուկրաինայում իրենց ընտանիքների հետ։ «Ես շատ եմ վախենում նրանց համար, բայց երեխաներս իրենք են ինձ համոզել հեռանալ»,- ցավով նշում է նա։

«Մի դուստրս ընտանիքի հետ ապրում է Օդեսայի կենտրոնում, մյուսը՝ Լուգանսկում։ Նրանք տնից դուրս չեն գալիս։ Բայց Լուգանսկում աղջիկս այլևս չէր կարող տանը նստել՝ ոչինչ չանելով։ Նա բժշկական կրթություն ունի և շատ է ուզում մարդկանց օգնել։ Ասաց, որ անհրաժեշտության դեպքում գոնե վիրավորներին կարող է օգնել»,- պատմում է Ժաննան։

Դեպի Մոլդովայի սահման ճանապարհն արագ էր. բացի նրանցից ոչ ոք չկար: «Ողջ ճանապարհին սարսափելի, ճնշող դատարկություն էր»,- հիշում է Ժաննան։

Օտար ափերում

Մոլդովայի սահմանը հատելուց մեկ օրվա ընթացքում Ժաննան և դուստրերը հայտնվում են Ռումինիայում, որտեղ ջերմ ընդունելության չեն արժանանում: Դուստրերից մեկն անչափահաս է և անձնագիր չունի, ունի միայն Ուկրաինայից հեռանալու իրավունքը հաստատող փաստաթուղթ, որը ձեռք է բերել Օդեսայում Վրաստանի հյուպատոսությունում, երբ պատերազմը սկսվեց։ Այդ փաստաթուղթը մերժվեց Ռումինիայի սահմանային իշխանությունների կողմից:

Նրանք Ժաննային ասում են, որ դուստրը կարող է երկրում մնալ միայն 24 ժամ, այնուհետև կարող է հայտնվել վտարման վտանգի առաջ։

Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ չկար հեռախոս, ինտերնետ, գումար՝ բացի այն, ինչ խնայել էին դեպի Վրաստան ինքնաթիռի տոմսերի համար, և ընտանիքում ոչ ոք չէր խոսում ռումիներեն կամ անգլերեն:

Նրանց փրկության է հասնում անծանոթների բարությունը։

«Մեծ աղջիկս պատահաբար հանդիպեց մի երիտասարդ մոլդովացու, որը խոսում էր ռուսերեն։ Նա մեզ շատ աջակցեց, հեռախոս գնեց և օգնեց տեղաշարժվել»,- պատմում է Ժաննան։ Երիտասարդը ընտանիքին ուղեկցել է Բուխարեստ, որտեղ նրանք կարողացել են վաղ առավոտյան հասնել օդանավակայան:

Տաքսու վարորդը նույնպես օգնեց նրանց՝ գնելով նախաճաշ և համապատասխան ճամպրուկներ իրերի համար, որոնք շտապ հասցրել էին լցնել պոլիէթիլենային տոպրակների մեջ:

Սակայն օդանավակայանում ընտանիքը բախվում է մեկ այլ անհաղթահարելի թվացող խոչընդոտի. դեպի Վրաստան տոմսերի գներն ավելի էին թանկացել, քան ընտանիքի ունեցած կանխիկ գումարը:

Բարեբախտաբար, մոտակայքում ռուսախոս մի զույգ լսում է ընտանիքի ծանր վիճակի մասին և առաջարկում նրանց գնել Թբիլիսիի տոմսերը: Իսկ երբ Ժաննան առաջարկում է իր մոտ եղած գումարը՝ որպես մասնակի վճար, նրանք հրաժարվում են։

«Ես ինքս կվճարեմ տոմսերի համար։ Երբ թռչես Վրաստան, այն ժամանակ կմտածես այս փողի մասին, բայց հիմա գլխիցդ հանիր այդ միտքը»,- հիշում է նա տղամարդու խոսքերը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով 2 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան, և շատ-շատերն էլ տեղահանվել են հենց երկրի ներսում, սպանվել է ավելի քան 406 խաղաղ բնակիչ։

Վրաստանում ցույցեր են՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Մինչ Ժաննան փախչում էր իր ծննդավայրից, Վրաստանը համախմբվում էր՝ Ուկրաինային օգնելու համար։

Սովորական քաղաքացիները տնային կացարաններ էին կազմակերպում տեղահանվածների և այն մարդկանց համար, որոնք չէին կարողանում Վրաստանը լքել, հազարավորներն էլ նվիրաբերում էին սնունդ, դեղորայք, հագուստ ու կանխիկ գումար։

Թաթա Թավդիշվիլին ներկայում Վրաստանում չի բնակվում, բայց երբ լսեց Ուկրաինայում պատերազմի մասին, նա, հայրն ու քույրը, որոնք ապրում են Թբիլիսիում, որոշեցին ուկրաինացիներին հյուրընկալել իրենց տանը։

Վրացի կամավորները օգնություն են հավաքում Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ. Լուսանկարը` Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի մոտ ծածանվում է Ուկրաինայի դրոշը: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Երեք ուկրաինացի, որոնք սկզբում Վրաստան էին եկել կարճատև արձակուրդի, այժմ ապրում են Թաթայի հոր հետ։

«Դա միայն ուկրաինացիների պայքարը չէ, նրանց հաղթանակը կարևոր է նաև մեր երկրի համար»,- ասել է Թաթան OC Media-ին։

«Մեր հոգատարությունը նրանց քաղաքացիների նկատմամբ աջակցության լավագույն ձևերից է, որ կարող ենք հիմա ցուցաբերել»:

Լևան Աձիշվիլին, որը նույնպես բացել է դռները Վրաստանում մնացած Ուկրաինայի քաղաքացու առջև, ասաց, որ «ուզում էր ինչ-որ բան անել այդ մարդկանց համար՝ ի նշան համերաշխության»։

Երբ փետրվարի 28-ին Ժաննա Բաղաթելիան վերջապես ժամանում է Թբիլիսի, նրան և դուստրերին ապաստան է տալիս մի ընտանիք: Ընտանիքը նրանց ոչ միայն տեղավորում և կերակրում է, այլև օգնում հագուստով և անհրաժեշտ այլ պարագաներով։

Այսօր Ժաննան և դուստրերն ապրում են մեծ դստեր գործատուների կողմից վճարվող բնակարանում: Ուկրաինայի դեսպանատունը պարբերաբար կապ է հաստատում նրա հետ՝ համոզվելու, որ լավ է, և ըստ Ժաննայի՝ նա Վրաստանում արդեն իսկ վայելում է մեծ աջակցություն։

Որպես իր փորձառության ամփոփում, Ժաննան հետևյալն է ասում․

«Ես միայն մեկ խնդրանք ունեմ բոլորին. եթե կարող եք օգնել Ուկրաինայից եկած մարդկանց, խնդրում եմ արեք դա, որպեսզի մարդիկ միայնակ չզգան»:

Մեկնաբանել