Լավրովն ու Կուլեբան քննարկել են Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են մեկուկես ժամ։

Հանդիպումն անցկացվել է Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քննարկումը եռակողմ ձևաչափով էր՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հանդիպումից հետո հայտարարել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Կուլեբան ասել է, որ Լավրովի հետ բանակցությունները «բարդ էին»։

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև հումանիտար միջանցքների բացման հարցը։ «Լավրովը ոչ մի մարդասիրական միջանցք չի խոստացել՝ Մարիուպոլի բնակիչներին տարհանելու համար»,- Ուկրաինայի արտգործնախարարի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է նույն ձևաչափով կրկին հանդիպել Լավրովի հետ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հանդիպման ավարտից հետո կայացած ասուլիսին ասել է, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում լուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:

«Մենք ցանկանում ենք բելառուսական հարթակում լուրջ խոսակցություն վարել, համաձայնեցնել այն բաները, որոնք արդեն ընդհանուր համաձայնությամբ պետք է լուծվեն՝ ուկրաինական ճգնաժամի համապարփակ կարգավորման համատեքստում»,- ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը բանակցությունների վերջին փուլում կարգավորման հստակ առաջարկներ է ներկայացրել Ուկրաինային։ Ուկրաինական կողմը, ըստ նրա, ուսումնասիրում է առաջարկները և կպատասխանի դրանց։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը։

«Այսօր հաստատել ենք, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից։ Երևի ինչ-որ ժամանակ հետո, հուսով եմ, նման անհրաժեշտություն կառաջանա, բայց դրա համար պետք է նախապատրաստական աշխատանքներ անել»,- նշել է Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանել