Երիտասարդ վրացիները դեմ են Աբխազիայի և Հրվ․ Օսիայի կոնֆլիկտների ռազմական լուծմանը

Georgia_Jvari_monastery_IMG_9345_2070 Ջվարի վանքը՝ Մցխեթ քաղաքի մոտ, Վրաստան։

Նինո Զուբաշվիլի, Դավիթ Սիչինավա և The Caucasus Datablog, OC Media

Մինչ ուկրաինական պատերազմը դրսում հարցեր է առաջացրել Վրաստանում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ, տվյալները ցույց են տալիս, որ վրացիները դեմ են Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների ցանկացած ռազմական լուծման:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Աբխազիայում և Հարավային Օսիայում մտավախություն է առաջացրել, որ Վրաստանը կարող է ռազմական ագրեսիայի դիմել: Երբ Ռուսաստանը մոբիլիզացրեց իր զինուժը Ուկրաինայի սահմանների երկայնքով, Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները զորքը մարտական պատրաստության բերեցին, որպեսզի «խուսափեն վրացական իշխանությունների կողմից հնարավոր սադրանքից», մինչդեռ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները կարգադրեցին զորքերի ստուգատես անցկացնել։

Չնայած գովազդվող տեսանյութերին, որոնք փորձում են Վրաստանում նման արձագանք առաջացնել, ինչպես նաև արևմտյան մեկնաբաններին, որոնք հարցադրումներ են անում, թե արդյոք Վրաստանը կարող է ռազմական պատասխան տալ, վրացական իշխանությունները չեն ակնարկել ուկրաինական պատերազմի ֆոնին այդ երկու շրջաններում որևէ ռազմական ներխուժման հեռանկարի մասին: Պետական լրատվամիջոցները նույնպես դրա համար որևէ փաստարկ չեն բերել։

Ավելին, Օկուպացված տարածքների վերաբերյալ Վրաստանի պետական ռազմավարությունը ընդհանրապես մերժում է ռազմական լուծման տարբերակը և նպատակ ունի խաղաղ ճանապարհով հասնել Աբխազիայի և Հարավային Օսիայի «լիակատար ապաօկուպացմանը»:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի և Կովկասյան տան (զբաղվում է խաղաղ զարգացման և մշակութային ինտեգրման հարցերով) վերջերս հրապարակած «Երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներգրավվածությունը և մասնակցությունը խաղաղության կառուցմանը» թեմայով հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանում երիտասարդները սատարում են քաղաքականության այս մոտեցումը:

Հարցումն անցկացվել է 2021-ի ամռանը, մասնակցել է 18-29 տարեկան 1116 վրացի:

Մասնակիցներին հարց է տրվել՝ արդյոք Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն ուժի՞ կիրառմամբ, թե՞ բանակցությունների միջոցով։

Վրացի երիտասարդների ճնշող մեծամասնությունը (95%) ասել է, որ կողմնակից է բանակցություններին, քան ուժի կիրառմանը։ Միայն 2%-ն է ասել, որ հակամարտությունները պետք է լուծվեն ուժային ճանապարհով, իսկ 3%-ն ասել է, որ կարծիք չունի այս հարցում։

Վրաստանում երիտասարդների մեծամասնությունը հաշտեցման և անցյալի ռազմական գործողությունների մասին մոռանալու կողմնակից է։ Գրեթե երկու երրորդը (62%) համաձայնել է, որ աբխազների և օսերի հետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է մոռանալ անցյալը և միասին մտածել ապագայի մասին։ Մոտավորապես նույնքան մասնակից (64%) էլ ասել է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում ներկայումս բնակվող հասարակ մարդիկ հակամարտություններից տուժել են այնքան, որքան վրացիները։

Միևնույն ժամանակ վրացի երիտասարդների մեծամասնությունը (60%) համաձայն չէ այն մտքի հետ, որ «մեզ համար կարևոր է, որ առաջինը մենք ներողություն խնդրենք աբխազներից և օսերից վրացական կողմի ռազմական հանցագործությունների համար»։ Հարցվածների մեկ հինգերորդը (19%) ո՛չ համաձայնել է, ո՛չ էլ դեմ է եղել այս մտքին, մինչդեռ 11%-ը համաձայնել դրան: Եվս 10%-ը չի կողմնորոշվել կամ հրաժարվել է պատասխանել հարցին:

Բացի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելուց, վրացի երիտասարդների մեծամասնությունը (66%) հայտնել է, որ պատրաստ է մասնակցել հաշտեցման ջանքերին: Էթնիկ վրացիները (69%) ավելի պատրաստակամ են մասնակցելու հաշտեցմանն ուղղված ջանքերին, քան էթնիկ փոքրամասնությունները (42%): Ավելի պատրաստակամ են նաև նրանք, որոնք աշխատանք ունեն (72%), ի տարբերություն աշխատանք չունեցողների (62%):

Երիտասարդ վրացիները, որոնք ճանաչում են ինչ-որ մեկին, որն այժմ ապրում է Հարավային Օսիայում, ավելի պատրաստակամ են մասնակցելու հաշտեցման ջանքերին (77%), քան նրանք, որոնք այնտեղ ծանոթներ չունեն (68%): Հարցման մեկ այլ կարևոր բացահայտում է այն, որ Աբխազիայում ծանոթ ունենալու և հաշտեցման ջանքերին մասնակցելու պատրաստակամության միջև որևէ կապ չի հաստատվել:

Երիտասարդ վրացիները, որոնք պնդել են, որ լավ են տեղեկացված հակամարտությունների մասին, ավելի են միտված հաշտեցմանը մասնակցելու պատրաստակամություն հայտնելուն (82%), քան իրազեկվածության ցածր մակարդակ ունեցողները (57%):

Նրանք, ովքեր համաձայն են, որ վրացիները պետք է մոռանան անցյալը և մտածեն աբխազների և օսերի հետ համատեղ ապագայի մասին, նույնպես ավելի շատ են տրամադրված հաշտեցման ջանքերին մասնակցելուն (75%), քան նրանք, ովքեր դեմ են անցյալը մոռանալուն (56%): Այդուհանդերձ, երկու խմբերի մեծամասնությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խաղաղարար գործունեությանը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի (CRRC) և Կովկասյան տան հետազոտության արդյունքներն արտացոլում են վրացիների ընդհանուր առմամբ խաղաղ վերաբերմունքը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ:

Հակամարտությունների գոտում հայտնված մարդկանց հետ աշխատանքներ տանող և խաղաղաշինությամբ զբաղվող «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության համար ավելի վաղ՝ 2020-ի ապրիլին անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ վրացիների մեծամասնությունը (71%), անկախ տարիքից, կարծում է, որ Վրաստանի կառավարությունը կարող է առաջին քայլն անել և բարելավել հարաբերությունները վրաց և աբխազ հասարակությունների միջև:

Հարցվածների զգալի մասը սատարել է Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների հետ ուղիղ երկխոսությունը (70%): Հաջորդ քայլը, որն առավել հաճախ է աջակցություն ստացել հարցվածների շրջանում, եղել է ընդհանուր շահերի բացահայտումն ու խնդիրներին համատեղ լուծումներ գտնելը (48%):

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի լույսի ներքո մտավախություններ են առաջացել առ այն, թե արդյոք Վրաստանը կարող է գնալ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական էսկալացիայի: Այդուհանդերձ, ոչինչ չի խոսում այն մասին, որ Վրաստանը նման նպատակներ ունի՝ ո՛չ տեղում նման ապացույցներ կան, ո՛չ էլ երկրում հանրային կարծիքն է այդպիսին։

Վրացական հասարակությունը, ներառյալ երիտասարդները, կտրականապես դեմ է Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնի վերամիավորմանը Վրաստանին, և մեծամասնությունն աջակցում է աբխազ և օս հասարակությունների հետ հարաբերությունների բարելավմանը:

Թեև ներկայացված տվյալները ստացվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ, և հանրային կարծիքը կարող է կտրուկ փոխվել քաղաքական իրավիճակների ֆոնին, այս տվյալները շատ լավ հիշեցում են այն մասին, որ վրացիների ճնշող մեծամասնությունը, ներառյալ երիտասարդությունը, խաղաղություն է ցանկանում, ոչ թե պատերազմ:
Հոդվածում օգտագործված տվյալները կարելի է գտնել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տվյալների վերլուծության առցանց համակարգում:

Մեկնաբանել