Ադրբեջանը կրկին ականանետից կրակել է Խնապատի և Փառուխի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:20-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ՝ ժամը 10:20-ի սահմաններում, Ադրբեջանը ականանետի 120 մմ-ոց երկու արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Մեկնաբանել