Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։

Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։

Բայրամովի խոսքով՝ «Հայաստանն արդեն մեկ տարի է՝ չի պատասխանում այդ առաջարկներին»։

«Մենք վերջերս Հայաստանին առաջարկների նոր փաթեթ հղեցինք՝ որպես բարի կամքի դրսևորում։ Առաջարկեցինք որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում։ Հայաստանը պետք է դիտարկի դրանք և պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ուզում է կարգավորել հարաբերությունները, սա նրանց համար շատ լավ հնարավորություն է։ Հայաստանի պատասխանը շուտով հայտնի կլինի, և մենք, իհարկե, կձեռնարկենք համապատասխան քայլերը»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։

Նա մանրամասնել է, որ մեկ-էջանոց փաստաթուղթը վերջերս է ներկայացվել Հայաստանին։

Բայրավոմը նաև նշել է, որ «բոլոր սկզբունքները, որոնք հիշատակված են փաստաթղթում, միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։ Դրանցից մեկը երկու երկրների միջև դեմարկացիայի հարցն է։

«Ադրբեջանը առաջարկում էր լուծել այդ հարցերը, սակայն Հայաստանը մշտապես նոր նախապայմաններ էր առաջ քաշում։ Նախապայմանները գործընթացի մեկնարկի համար անընդունելի են։ Պետք է ստեղծվի երկկողմ համագործակցության խումբ և սկսի աշխատել։ Կա հինգ հիմնական կետ»,- եզրափակել է Բայրամովը։

***

Մարտի 11-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։

Վերջին օրերի լարված իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Օրերս Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել՝ դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։

Իրադրությունն է՛լ ավելի է սրում այն հանգամանքը, որ մարտի 8-ից Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։