Հաագայի դատախազը դիմել է՝ ձերբակալելու Հրվ․ Օսիայի պաշտոնյաների՝ 2008-ի պատերազմի գործով

Միջազգային քրեական դատարանի շենքը

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազը 2008-ի օգոստոսյան պատերազմի հետ կապված Հարավային Օսիայի երեք ներկա և նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ ընդդիմության նախագահի թեկնածու Դավիթ Սանակոևին ձերբակալելու հրաման է պահանջել:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմումը ներկայացրել է հինգշաբթի։

Քարիմ Խանը

Հայցը գալիս է 2008-ի օգոստոսյան պատերազմից գրեթե 14 տարի անց: Միջազգային քրեական դատարանը 2016-ի հունվարին սկսել է 2008-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական հանցագործությունների հետաքննությունը:

Այդ երեք անձինք են Միխայիլ Մինձաևը, որը 2005-2008 թվականներին եղել է Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարը, Համլետ Գուչմազովը, որը այն ժամանակ կալանավայրի ղեկավարն էր, և Դավիթ Սանակոևը, որը Հարավային Օսիայի մարդու իրավունքների հարցերով նախագահի ներկայացուցիչն էր 2008-ին։

Հարավային Օսիայում ներկայում պատգամավոր Սանակոևը գլխավորում է ընդդիմադիր Նիխաս կուսակցությունը և մասնակցում է Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են ապրիլի 10-ին։

Քարիմ Խանն ասել է, թե կան բավարար ապացույցներ, որ այդ երեքը կատարել են անօրինական կալանքի, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, անձնական արժանապատվության ոտնահարման, պատանդ վերցնելու և մարդկանց անօրինական տեղափոխման գործողություններ:

Սանակոևը չի ընդունում մեղադրանքը և այն համարում է Արևմուտքի կողմից Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելուց հետո պատժելու փորձ:

Նա հարց է հնչեցրել, թե ինչու դատախազը պատերազմից հետո հաշվի չի առել շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալիավինիի գլխավորած ԵՄ փաստահավաք առաքելության արդյունքները։

Տալիավինիի զեկույցը պարզել էր, որ «լայնածավալ զինված հակամարտության սկիզբը» եղել է 2008-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական զինված ուժերի կողմից Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի գնդակոծությունը՝ հավելելով, որ դա «լարվածության, սադրանքների և միջադեպերի երկար փուլի գագաթնակետն էր»:

«Հարավային Օսիայի վրա հարձակվելու որոշում կայացրածներից և այդ հրամանները կատարածներից ոչ ոք չի պատժվել»,- Սանակոևին մեջբերում է Հարավային Օսիայի պետական ​​RES գործակալությունը։

Այնուամենայնիվ, Տալիավինիի զեկույցում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետագա վճռում նշվում են Հարավային Օսիայի ուժերի կողմից միջազգային իրավունքի խախտումները, այդ թվում՝ Հարավային Օսիայում բնակվող տասնյակ հազարավոր վրացիների էթնիկական զտումները:

Դատախազ Քարիմ Խանը ասել է, որ ըստ հետաքննության՝ ռուս գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովը, որը պատերազմի ժամանակ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալն էր, «դիտավորությամբ նպաստել է այդ հանցագործություններից մի քանիսի կատարմանը»: Բորիսովը հետո մահացել է։

Միջազգային քրեական դատարանը սկսել է գործել 2002-ին և զբաղվում է ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների հարցերով: Մեղարդյալ անձանց ձերբակալելու համար այն ապավինում է այլ պետություններին։

«Եվս մեկ հաղթանակ»

Վրաստանի կառավարությունը, ինչպես նաև ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը, ողջունել են որոշումը՝ միմյանց մեղադրելով 2008-ի պատերազմը շահարկելու մեջ:

«Վրաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատել Հաագայի տրիբունալի հետ՝ քննելու բոլոր մյուս հանցագործությունները, որոնք կատարվել են Վրաստանի ժողովրդի դեմ»,- ասվում է Վրաստանի արդարադատության նախարարի հայտարարությունում։

«Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Ֆեյսբուքում գրել է, որ սա «Վրաստանի ամենակարևոր հաջողությունն է միջազգային իրավական ասպարեզում»։

«Ռուսաստանի բացահայտ ագրեսիայի հետևանքով հինգերորդ շարասյունը շարունակում է պայքարել Վրաստանի, նրա կառավարության, խաղաղության և ազգային շահերի դեմ, բայց ապարդյուն»,- գրել է Մդինարաձեն՝ նկատի ունենալով ընդդիմությանը։

Միացյալ ազգային շարժման նշանավոր անդամ Լևան Բեձեաշվիլին պնդում է, որ որոշումը «վերջ է տվել «Վրացական երազանքի» շահարկումներին և մանիպուլյացիաներին, որոնցից են, օրինակ, որ Վրաստանն է սկսել պատերազմը, որ վրացական կողմը կասետային ռումբեր է կիրառել և այլն»: