Հայաստանը «ընտրական ժողովրդավարություն» է դասակարգվել 2021-ին․ լրատվականները սխալվում են

nikol pashinyan generic

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 10-ի նիստում հայտարարել է, որ Varieties of Democracy ինսիտուտի՝ 2022-ի զեկույցում, որն օրերս է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ բնորոշվել է ոչ թե որպես «ընտրական ավտորիտարիզմ» եզրույթով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»։

«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով, Հայաստանի դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել»,- հավելել է Փաշինյանը։

Նույն օրը մի շարք լրատվականներ տարածեցին, իրենց բնորոշմամբ, քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հակադարձում է Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը ստել է։ «Զեկույցն ընդամենն արձանագրում է, որ Հայաստանը, Դոմինիկյան Հանրապետությունն ու Սեյշելյան կղզիներն այն երեք երկրներն են, որոնք վերջին երեք տարիներում կարողացել են պահպանել 2011 թվականից սկսված փոխանցումային ընթացքը»,- պնդում է Մարգարյանը։

Մարգարյանի այս գրառումը վերահրապարակել են yerkir.am, ankakh.com, zham.am, antifake.am կայքերը՝ «Կապիտուլյանտը կրկին ստում է» վերնագրով։

Ինչ է ասվում զեկույցում

V-Dem ինսիտուտի՝ օրերս հրապարակած Varieties of Democracy («Ժողովրդավարության տեսակները») 2022-ի զեկույցում հստակ ասվում է, որ Հայաստանը և Բոլիվիան 2021 թվականին «ընտրական ավտոկրատիայից» անցում են կատարել դեպի «ընտրական ժողովրդավարություն» (էջ 14՝ Two countries – Armenia and Bolivia – made democratic transitions from electoral autocracy to electoral democracy in 2021)։

Այսինքն, անցումը, ինչպես նշել է Փաշինյանը, կատարվել է 2021-ին։ Այս հատվածը Մարգարյանի գրառումից բացակայում է։

Մարգարյանը գրառման մեջ մեջբերել է զեկույցից այլ հատվածներ և սխալ ներկայացրել դրանք։ Այսպես, նա պնդում է, որ Հայաստանն անցումը սկսել է 2011-ից, և որ Հայաստանն ընդամենը վերջին երեք տարիներում կարողացել է պահպանել 2011 թվականից սկսված փոխանցումային ընթացքը։

Որպես հիմնավորում՝ նա մեջբերել է զեկույցից երկու նախադասություն։ Դրանցից առաջինում նշվում է, որ Հայաստանը և Շրի Լանկան 2011-ին «ընտրական ավտոկրատիաներ» էին, իսկ 2021-ին արդեն դարձել են «ընտրական ժողովրդավարություն» (էջ 22՝ Armenia and Sri Lanka have moved from being electoral autocracies in 2011 to electoral democracies in 2021)։

Երկրորդում նշվում է, որ 2011 թվականից ի վեր՝ ժողովրդրավարացած երկրների լավագույն տասնյակից միայն երեքն են վերջին երեք տարում հայտնվել ամենաշատ ժողովրդրավարացած երկրների ցանկում՝ Հայաստանը, Դոմինիկյան Հանրապետությունը և Սեյշելները (էջ 24՝ Only three out of the top ten democratizers since 2011 are among the top democratizers in the past three years – Armenia, Dominican Republic, and Seychelles)։

Այս երկու նախադասությունները ընդամենը ներկայացնում են ընդհանուր պատկերը վերջին տասնամյակում։ Ինչպես արդեն արձանագրվեց, զեկույցում հստակ նշվում է, որ Հայաստանը «ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել դեպի «ընտրական ժողովրդավարություն» 2021 թվականին։

Մեկնաբանել