Հայաստան ռուսների ներհոսքի մասին

russians in armenia

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Ռուսաստանից Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր մոտ 50 000 մարդ է Ռուսաստանից ժամանել Հայաստան, և մինչև մի քանի օր առաջ, երբ դադարեցվեցին Աերոֆլոտի չվերթները, օրական գրեթե քառասուն չվերթ էր գալիս Հայաստան։ Հիմա չվերթների թիվը նվազել է՝ դառնալով 10-15, սակայն ներհոսքը շարունակվում է։

Դեռ վաղ է հստակ հետևություններ անելու, թե ինչ է այս ամենն իսկապես նշանակում, սակայն անցած շաբաթվա իրավիճակից ելնելով՝ կարող ենք մի քանի բան առանձնացնել․

Առաջին՝ այս մարդկանցից շատերը Հայաստան գալով գրեթե անմիջապես աշխատանքի են անցնում գործող ՏՏ ոլորտի կազմակերպություններում, որոնք այդ ոլորտի մասնագետների մեծ կարիք ունեն։ Սրա արդյունքում կտրուկ աճել է գրասենյակային տարածքների ու բնակարանների պահանջարկը Երևանում, ինչն էլ հանգեցրել է վարձավճարների կտրուկ աճի՝ 20-ից ընդհուպ 50 տոկոս և ավելի։

Ռուսաստանից ժամանած անձինք տարատեսակ են, սակայն կարծում եմ՝ նրանց մեծ մասը արևմտամետ, ալտերնատիվ, այլախոհ ներկայացուցիչներ են։ Կարելի է որոշ առումով ասել՝ սա ռուսական ընդդիմությունն է, որ երկրից հեռանում է։ Իհարկե, սա շատ ընդհանրական է, սակայն այս տեսակի մարդիկ ցանկացած երկրում քաղաքական փոփոխությունների հիմքը կազմող խումբն են, և գալով այստեղ, նրանք այլևս սպառնալիք չեն լինում Ռուսաստանի համար։ Ուստի, այստեղ բոլոր կողմերի համար աշխատող տարբերակ է։

Ինչու՞ են նրանք գալիս Հայաստան, և ի՞նչ է սա նշանակում։

Հայաստանը միշտ էլ ապաստան է եղել աշխարհի տարբեր ծայրերից եկող մարդկանց համար, օրինակ, եթե չեմ սխալվում, Սիրիայից փախստականների ընդունող երկրների շարքում մենք բնակչության մեկ շնչի թվով երկրորդն ենք։ Բազմաթիվ են նաև Իրանից եկածները, որոնք չեն ցանկանում ապրել այդ երկրի իշխանությունների ներքո։

Ռուսաստանից ժամանածների դեպքում Երևանը դառնում է այս տարածաշրջանի համար նոր Ամստերդամ, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին Ամստերդամն էր 17-րդ դարում՝ ազատ նավահանգիստ մարդկանց համար, որոնք ցանկանում էին նոր կյանք սկսել կամ մասնագիտական զարգացման հետքերով գնալ։ Այդ մարդիկ կարող են գալ ու ապրել ժողովրդավարական ու ոչ ռեպրեսիվ հասարակությունում։

Ամբողջ աշխարհում, երբ մարդիկ փախչում են որևէ իրավիճակից, նրանք միշտ, եթե ունեն ընտրության հնարավորություն, ընտրում են իրենց ամենամոտ գտնվող ազատ, ժողովրդավար ու իրավունքի ուժով կառավարվող երկիրը՝ տեղափոխվելու, մշտական բնակություն հաստատելու կամ ժամանակավոր կացության համար։

Մեկ այլ բան, որ ակնհայտ է՝ Ռուսաստանից ժամանածները փոխել են քաղաքի դեմքը, Երևանը դարձել է շատ ավելի միջազգային քաղաք, տեղական բիզնեսները շահում են այցելուների հոսքից․ իհարկե, սա չի մեղմում այս պատերազմի՝ աշխարհով մեկ առաջացրած աղետի տնտեսական հետևանքները, սակայն այս կամ այն կերպ իր ազդեցությունն ունի։

Կարճ ասած՝ ազատությունը աշխատում է։

Մեկնաբանել