ԱՄՆ-ն Հայաստանին նվիրել է 306 հազար դեղաչափ Pfizer

ԱՄՆ-ն Հայաստանին 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ է նվիրել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ Pfizer պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն»,- տեղեկացնում են նախարարությունից։

«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», – ասել է դեսպան Թրեյսին։

Մարտի 3-ի դրությամբ` Միացյալ Նահանգները տարբեր մեխանիզմներով ավելի քան 110 երկրների տրամադրել է պատվաստանյութի ավելի քան 480 միլիոն դեղաչափ։

Մեկնաբանել