Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր

Ստեփան Մոսինյանը

«Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում 2008-ից թելադրող դիրք է գրավում դագաղի բիզնեսում: Ալավերդու բժշկական կենտրոնի իր սեփական դեղատան միջոցով Մոսինյանը զբաղվում է դեղերի մանրածախ առևտրով և վերահսկում դիսպանսեր հիվանդների՝ պետպատվերով դեղորայքի բաշխումը: Բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքը Մոսինյանն օգտագործում է որպես հարստացման աղբյուր։ Մինչդեռ Լոռու մարզի դատախազությունը աչք է փակում Մոսինյանի ապօրինությունների նկատմամբ:

Մոսինյանը չի կատարում կառավարության որոշումը

Ալավերդում տնային մահերի դեպքում դիակը ավտոմեքենայով դիահերձարանի մուտքին մոտեցնելու համար Մոսինյանը հինգ հազար դրամ է պահանջում դիակի տերերից: Պարսպից մինչև դիահերձարանի մուտքը հազիվ տասը մետր հեռավորություն է:

Դիահերձարան դիակներ են տեղափոխում նաև Մոսինյանի կնոջ՝ Ծովինար Գրիգորյանի «Գրիմոս Գրուպ» ՍՊԸ-ի երկու ավտոմեքենաները՝ կատաֆալկ և ՈւԱԶ: «Գրիմոս Գրուպ»-ից դագաղը գնելու և կատաֆալկի ծառայությունից օգտվելու դեպքում Մոսինյանը դիակի տերերին զիջում է հինգ հազար դրամ վճարը: Մյուս երկու սգո սրահների ծառայություններից օգտվելու և հինգ հազար դրամը չվճարելու դեպքում Մոսինյանի հրահանգով դիակների մուտքը դիահերձարան խոչընդոտվում է․ հարազատները ստիպված են դիակը ձեռքով տեղափոխել դիահերձարան:

Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի որոշման համաձայն՝ տնային մահերի դեպքում դիակը դիահերձարան պետք է տեղափոխի շտապօգնության մեքենան: Կառավարությունը դիակի տերերին որևէ վճար չի պարտադրում, որոշումը իրականացնելու դեպքում դիակ տեղափոխող տասնյակ ավտոմեքենաների ախտահանման խնդիրը վերանում է: Մոսինյանը կառավարության որոշումը չի կիրառում՝ իր ընտանիքի դագաղի բիզնեսի շահերից ելնելով:

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը չի խրախուսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդունած որոշման կատարումը։

«Գրիմոս Գրուպ» ՍՊԸ-ի մասին

«Գրիմոս Գրուպ» ՍՊԸ-ն արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցվել է 2004թ․: ՍՊԸ-ն զբաղվում է դագաղի բիզնեսով և դեղերի մանրածախ առևտրով:

ՍՊԸ-ի հիմնադիրը Ստեփան Մոսինյանն է: Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո՝ 2008թ. փետրվարի 12-ին, Մոսինյանը իր հիմնադարած ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գրանցել է կնոջ՝ Ծովինար Գրիգորյանի անունով, քանի որ օրենքը բժշկական կենտրոնի տնօրենին արգելել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Աննա Շերմազանյանն է: Նա բժշկական կենտրոնում տնօրինում է Մոսինյանի դեղատան աշխատանքերը:

«Գրիմոս Գրուպ»-ը գրանցված է Ալավերդու Թումանյան փողոց 7 հասցեում՝ նախկին սանէպիդկայանի շենքում, որտեղ գտնվում է նաև ՍՊԸ-ի սգո ծառայությունը: Մոսինյանը Երևանից էժան գնում, Ալավերդում թանկ վերավաճառում է դագաղները:

Մրցակից սգո ծառայությունները

Ալավերդում գործում է սգո երեք ծառայություն։ Դրանցից մեկի տիրոջ պատմելով՝ հեռավոր Ծաղկաշատ, Աթան, Շամուտ և Մոտկորի բնակավայրերի անանցանելի ճանապարհների պատճառով դիակ տեղափոխող կատաֆալկերը չեն կարողանում հասնել այդ գյուղեր: Մոսինյանը իր սեփական ՈՒԱԶ-ը ուղարկում է հեռավոր բնակավայրեր՝ մի պայմանով, եթե դիակի տերը ինչպես դագաղը, այնպես էլ սգո արարողությունների մյուս գնումները կատարի «Գրիմոս Գրուպ»-ից: Եթե Ալավերդում մեկ օրում չորս մահ է գրանցվում, Մոսինյանը ունեցած երկու կատաֆալկերը ուղարկում է ծառայության, իսկ մյուս երկու դիակների տերերին խնդրում է հետաձգել հարազատի հուղարկավորությունը՝ ամեն գնով իր սգո ծառայությունից օգտվելն ապահովելու համար։

Ինչ են պատմում բնակիչները

Նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասի 2/26 շենքի բնակիչ, հանգուցյալ Մերուժան Այդինյանի դիակը դիահերձարան է տեղափոխվել ախտաբանաանատոմիական բաժանմունքի հարևանությամբ գտնվող՝ Վաչե Պարանյանի սգո ծառայության կատաֆալկ ավտոմեքենայով: Հարազատները դագաղը գնել են սգո նույն ծառայությունից:

Ախտաբանաանատոմիական բաժանմունքի դարպասի դուռը մեկ ժամից ավել չի բացվել դիակի առաջ:

«Դուռը բացվելուց հետո մեզնից պահանջեցին դիակը պատգարակի վրա ձեռքով տեղափոխել դիահերձարան»,- պատմեց հանգուցյալի հարազատներից մեկը:

Հունվարի 8-ին դիահերձարանի դարպասի մոտ ինձ մոտեցան մի խումբ ալավերդցիներ: Նրանցից Սամվել Սիմոնյանը պատմեց, որ 92 տարեկան զոքանչին են բերել դիահերձարան: Սամվելի խոսքով՝ զոքանչի դագաղը «Գրիմոս Գրուպ»-ից չէր գնել և չէր վճարել Մոսինյանի սահմանած հինգ հազար դրամ վճարը:

«Ձեռքով ենք դիակը տեղափոխել դիահերձարան»,- դժգոհեց Սամվել Սիմոնյանը:

«Եթե Մոսինյանը սոցիալապես անապահով մարդկանց բուժման հովանավարություն ապահովելու փոխարեն իր ընտանեկան դագաղի բիզնեսն է հովանավորում, ո՞նց կարող են աղքատ մարդիկ ապավինել նրա ղեկավարած բժշկական հիմնարկին»,- ասում է ալավերդցի Սիրանույշ Սարգսյանը:

«Մոսինյանը դիահերձարանի սեփականատերն է, ինչ գներ իրեն հարմար է, այն էլ սահմանում է: Դե իր ընտանիքին պատկանող սգո ծառայության դագաղը գնողներին ու կատաֆալկի ծառայությունից օգտվողների համար էդ հինգ հազար դրամը զիջում է, ասում են՝ նա է վճարում»,- ասաց պահակ Լյովա Բարսեղյանը:

Ախտաբանաանատոմիական բաժանմունք

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի հինգ համայնքապետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2021թ. 31 բնակավայրերում 544 մահ է գրանցվել, դրանցից 270-ը գրանցվել է միայն Ալավերդի քաղաքում, 274 մահը գրանցվել է 30 բնակավայրերում: Այս ֆոնին Մոսինյանը իր սգո ծառայությունների զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում:

Մի քանի տարի առաջ ախտաբանաանատոմիական բաժանմունքի աջ կողմում և Ալավերդու Էնգելս թաղամասում նոր սգո ծառայություններ բացվեցին: Ալավերդու բնակիչները ուշադիր հետևում էին, թե ինչպես է Մոսինյանը նորաստեղծ սգո ծառայությունների տերերի հետ հաշիվներ մաքրում:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը 2019թ. ախտաբանանատոմիական բաժանմունքի հարևանությամբ գտնվող իր հողամասը 371 250 դրամով վաճառել է Ստեփան Մոսինյանի «Գրիմոս Գրուպ» ՍՊԸ-ին: Ախտաբանաանատոմիական բաժանմունքի աշխատողներից մեկի խոսքով՝ Մոսինյանը որոշել է այդ տարածքում կառուցել սգո սրահ։ Բժշկական կենտրոնի մեր աղբյուրի պնդմամբ և Ալավերդում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ստեփան Մոսինյանը հիսուն տարով վարձակալել է ախտաբանաանատոմիական բաժանմունքի մի մասը, ամենայն հավանականությամբ՝ հենց դիահերձարանը:

Մարզպետը չի հերքում

Հունվարի 24-ին մարզպետ Արամ Խաչատրյանից փորձեցինք ճշտել լուրը: Մարզպետը չհերքեց այն.«Այս պահին ձեր հարցին կդժվարանամ պատասխանել: Բայց մենք այլընտրանք չունենք: Դուք ինչի մասին հարցնում եք՝ ուսումնասիրման կարիք ունի»,- ասաց Խաչատրյանը:

Փետրվարի 25-ին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատրյանը չհերքեց դիահերձարանի՝ Մոսինյանի կողմից հիսուն տարով վարձակալելու լուրը:

Մարզպետը ՍիվիլՆեթին գրավոր հայտնեց, թե փետրվարի 24-ի 111-Ա որոշմամբ ստեղծել է հանձնաժողով, որը մարզի բժշկական կենտրոններում կիրականացնի ախտաբանաանատոմիական ծառայությունների ուսումնասիրություններ: Խոստացվել է, մասնավորապես, «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ուսումնասիրություններն ավարտելուց հետո արդյունքների մասին տեղեկացնել։

ՍիվիլՆեթն արդեն երկու ամիս է՝ Արամ Խաչատրյանից փորձում է պարզել, թե ի վերջո ինչ կարգավիճակում է այսօր Լոռու մարզպետարանի ենթակայությամբ աշխատում «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքը: Լոռու մարզպետը խուսափում է այդ հարցին ուղիղ պատասխանելուց՝ ամեն անգամ բերելով նոր պատճառաբանություններ:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել