Հայաստանը դիմել է Մինսկի խմբի միջնորդներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների համար. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

***

Մարտի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։ Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։ Բայրամովի խոսքով՝ «Հայաստանն արդեն մեկ տարի է՝ չի պատասխանում այդ առաջարկներին»։

Մեկնաբանել