Խնայելով ժամանակն արհեստական բանականությամբ․ ZERO ընկերության լուծումները

Ամբողջ աշխարհում հազարավոր ընկերություններ, հարյուրավոր մարդիկ իրենց աշխատաժամերի զգալի մասը ծախսում են վարչական տարբեր աշխատանքների վրա։ Հաճախ այդ ամենը ոչ միայն նյարդայնացնող է, այլև ժամանակի վատնում։

Արհեստական բանականության միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացման և ավտոմատացման լուծումներ է առաջարկում ZERO ընկերությունը։

«Աշխատանքի արդյունավետությունը գրեթե բոլոր ոլորտներում շատ սուր խնդիր է եղել միշտ։ Մենք փորձել ենք գտնել բանաձև, որը հնարավորություն կտա հնարավորինս կրճատել ժամանակի ծախսը վարչարարական գործողությունների վրա»,- ասում է ZERO-ի գլխավոր տեխնիկական տնօրեն (CTO) և համահիմնադիր Գևորգ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է խնդրից գնալ դեպի տեխնոլոգիա, այլ ոչ հակառակը՝ ինչպես հաճախ լինում է։ Պետք է իմանալ՝ ինչ խնդիր ես լուծում և գտնել այն տեխնոլոգիան, որով հնարավոր է դա ամենալավը լուծել։

Այդպես է եղել ZERO-ի հիմնադրման դեպքում։ «ZERO time wasted» կարգախոսով ընկերությունն օգնում է խնայել օրական թեկուզ մեկ ժամ և այն ծախսել առավել կարևորի վրա։

ZERO-ն հիմնադրվել է 2015-ին՝ ԱՄՆ-ում: Ընկերության ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է։ Գրասենյակներ կան Նյու Յորքում և Տորոնտոյում։

Ընկերության արտադրանքի հիմնական սպառողները ներկայում իրավաբանական, հաշվապահական, ինչպես նաև ֆինանսական ոլորտի ընկերություններն են՝ հիմնականում ԱՄՆ-ից, Կանադայից ու Մեծ Բրիտանիայից։

ZERO-ի հաճախորդների շարքում են աշխարհի լավագույն 50-ի մեջ մտնող խոշոր իրավաբանական ընկերություններ։

«Մեր տեխնոլոգիայի յուրահատկությունն այն է, որ կարողանում է ճշգրիտ կռահել, թե մարդն ինչ որոշում է կայացրել՝ վերլուծելով նախորդ գործողությունները։ Դա է պատճառը, որ ծրագիրը առաջնային է դարձել իրավաբանական շուկայում։ Պատկերացրեք, թե որքան տվյալներ են գեներացնում իրավաբանական, հաշվապահական ընկերությունները։ Մեր ալգորիթմները օգնում են ճիշտ դասակարգել ու կառավարել դրանք՝ առանց օգտագործողի միջամտության»,- նշում է Գևորգ Կարապետյանը։

ZERO ընկերությունը պարբերաբար մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու ցուցահանդեսների, որոնցից էր Legalweek New York 2022-ը։ Այստեղ ընկերությունը շփվում է իր հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների հետ՝ փորձելով «հավաքագրել» խնդիրներն ու նոր լուծումների ուղղությամբ աշխատել։

Ընկերության համահիմնադրի խոսքով՝ հաճախորդների հետ շփումն օգնում է էլ ավելի լավացնել ու արդյունավետ դարձնել արտադրանքը։ Արդյունքում՝ ZERO-ն շուկայում եղած նմանատիպ ընկերությունների շարքում ամենամրցունակներից է՝ շնորհիվ արդյունավետ ալգորիթմների։

Այժմ ZERO-ն ձգտում է դեպի ավելի լայն զանգվածներ, դեպի ավելի մեծ հասանելիություն։ Ընկերությունը ցանկանում է դառնալ մի հարթակ, որի օգնությամբ հազարավոր ընկերություններ կկարողանան արդյունավետ լուծել իրենց մեծ նախագծերի խնդիրներից մեկը։

«Մենք պետք է հասնենք այն կետին, որ յուրաքանչյուր օր ավելի շատ մարդկանց կյանք թեթևանցնեք։ Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ մեր արտադրանքը լուծում է խնդիր, և մարդիկ շնորհակալություն են հայտնում խնայված ժամանակի համար»,- ասում է Գևորգ Կարապետյանը։

Հոդվածը հրապարակված է որպես գովազդ

Մեկնաբանել