Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը․ թվեր

Հովհաննես Նազարեթյան

Հայաստանը և Ուկրաինան խոշոր տնտեսական գործընկերներ են։ 2021-ին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 168,9 մլն դոլար։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ընթացող ռազմական գործողություններն արդեն իսկ մեծ հետևանքներ են ունեցել համաշխարհային տնտեսության համար։ Ուկրաինայի տնտեսությունը նույնպես մեծ վնասներ է կրում պատերազմի հետևանքով, որն ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը, հատկապես այնտեղից ներմուծումը զգալի ծավալ է կազմում։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Հայաստանի ու Ուկրաինայի միջև առևտրի ծավալը՝ 1990-ականներից ի վեր, դինամիկան, ինչպես նաև գերակշռող ապրանքատեսակները։

Առևտրի ծավալը

Ինչպես նշեցինք, ըստ Վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների, 2021-ին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի շրջանառությունը եղել է 168,9 մլն դոլար։ 2021-ին Հայաստանից Ուկրաինա արտանահանվել է 25,7 մլն դոլարի ապրանք, ներմուծվել է՝ 143,2 մլն դոլարի ապրանք։ Առևտրի հաշվեկշիռը կազմել է -117,5 մլն դոլար։ Հայաստանը շուրջ հինգուկես անգամ ավել ապրանք է ներմուծել Ուկրաինայից, քան արտահանել այդ երկիր։

Ուկրաինայի հետ առևտրի ծավալը համեմատելի է Վրաստանի (190 մլն) և Իրաքի (182 մլն) հետ առևտրի ծավալներին։ Ուկրաինայի հետ առևտրի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ կազմում է երկու տոկոս՝ ավելին, քան ԵԱՏՄ երեք գործընկերների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտուրը միասին վերցված (107 մլն)։

Առևտրի դինամիկան

Ըստ Վիճակագրական կոմիտեի արտաքին առևտրի տվյալների բազայի՝ երկու երկրների միջև 1995-2021 թվականներին առևտրի ծավալը կազմել է 3,7 մլրդ դոլար։ Համեմատության համար՝ Հայաստանի առևտուրը Թուրքիայի հետ նույն ժամանակահատվածում կազմել է 3,6 մլրդ դոլար։

Loading...

Loading…

Ինչպես երևում է աղյուսակում, Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտուրը, մասնավորապես, Ուկրաինայից ներմուծումը 1990-ականներից աճել է և գագաթնակետին է հասել 2008 թվականին (337 մլն դոլար)։ Պայմանավորված 2008-2009թթ․ ֆինանսական և 2014թ․ ռուս-ուկրաինական ճգնաժամերով՝ այն էապես նվազել է և 2016-ին հասել շուրջ 110 մլն դոլարի։ Վերջին չորս տարիներին՝ բացառությամբ 2020-ի, այն տատանվել է 170 մլն դոլարի շրջանակում։

Հայաստանի հետ առևտուր անող երկրների ցանկում Ուկրաինան մշտապես եղել է առաջատարի դիրքերում։ Սա երևում է ստորև ներկայացված ինտերակտիվ գրաֆիկում, որում ցուցադրված են 1995-ից ի վեր յուրաքանչյուր տարի Հայաստանի հետ առևտուր իրականացնող ամենախոշոր 20 երկրները, նրանց հետ առևտրաշրջանառության ծավալն ու դինամիկան։

Ինչ ապրանքներ են արտահանվում և ներմուծվում

2020-ի տվյալներով՝ Հայաստանից Ուկրաինա արտահանվում են ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ (ամբողջի 52%-ը) և ծխախոտ (32%)։ Արտահանվում են նաև պղինձ, սև մետաղներ, կակաո և դրանից պատրաստված մթերք, բանջարեղեն և մրգեր։

Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում ծխախոտ (22%), միս և մսամթերք (10%), սև մետաղներ (8%), կաթ, կաթնամթերք, թռչնի ձու (7%), շաքար և հրուշակեղեն շաքարից (6,5%), սննդի մնացորդներ և պատրաստի անասնակեր (5,5%), թուղթ և ստվարաթուղթ (4,8%), ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաս­տված ապրանք, ալյուրից հրուշակեղեն (4,4%), կակաո և դրանից պատրաստված մթերք (4%), ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ (3,3%) և բազմատեսակ այլ ապրանքներ։

Հայաստան ներմուծվող ծխախոտի և ծխախոտային արտադրանքների (ընդհանուր շուրջ 127 մլն դոլար) շուրջ 22 տոկոսը՝ գրեթե 27,8 մլն դոլարը, ներմուծվում է Ուկրաինայից։

Loading...

Loading…

2021-ի առևտրի ապրանքային կառուցվածքի տվյալները կհրապարակվեն առաջիկայում։

Այսպիսով, Ուկրաինան Հայաստանի համար առևտրային կարևոր գործընկերներից է։ Այդ երկրում ընթացող պատերազմը հաստատապես երկարաժամկետ ազդեցություն կունենա ապրանքային շուկայի և Հայաստանի տնտեսության վրա։

CivilNetCheck-ը հաջորդիվ կանդրադառնա Հայաստանի՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանը։