Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բլինքենի և Թրյուդոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին․ «Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ․ «Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»։

Կանադայի վարչապետի հետ ևս Փաշինյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը․ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։