Համայնքների խոշորացման հնարավորություններն ու խնդիրները․ քննարկում Արարատի մարզում

2020-ի դեկտեմբերին Կառավարությունը շրջանառության մեջ դրեց Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, և Շիրակի մարզերում 189 համայնքի միավորման արդյունքում 11 խոշորացված համայնք ձևավորելու նախագիծը։

Ծրագրի մեկնարկից ի վեր համայնքների խոշորացման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել, ոմանց համար սա լավ որոշում է եղել, ոմանք էլ շատ անգամներ դեմ են արտահայտվել։ Դրական տեղաշարժերից զատ, համայքների խոշորացման հետևանքով բազում համայնքներում տարարտեսակ խնդիրներ են առաջ եկել՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և վարչական։ Այս խնդիրները վերհանելու և դրանց վերաբերյալ համայնքային ռազմավարական պլանավորման տեսանկյունից կիրառելի առաջարկություններ ստանալու նպատակով մարտի 2-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «Համայնքների խոշորացման գործընթացն Արարատի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» թեմայով հանրային քննարկում՝ «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը« (ԹԻՀԿ)՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Քննարկմանը հրավիրված էին մարզի քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ, ներկայացուցիչներ մարզպետարանից, համայնքապետարանից, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանից, Արարատի մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Քննարկմանը առցանց մասնակցում էր նաև Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը։

«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի խոսքով՝ այս ծրագրի հիմնական նպատակն է կարողանալ ապահովել քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին, ու համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում առաջացած սոցիալական, քաղաքական և վարչական խնդիրներին լուծումներ տալով՝ բերել դրական փոփոխություններ։

«Համայնքների խոշորացումն արդեն իրականացվել է։ Մեր խնդիրն այն չէ, որ պարզենք՝ խոշորացում պետք է, թե ոչ։ Մեր խնդիրն այն է, թե ոնց կարող ենք անել, որ խոշորացման գործընթացն ավելի արդյունավետ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն տեղում բարձրաձայնված խնդիրները հասցնել Երևան՝ փորձագիտական հանրությանն ու պետական իշխանությանը։

Ծրագիրն ունի երկու թիրախային մարզ՝ Գեղարքունիքը և Արարատը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ խոշորացումն անշրջելի է և այն մեծամասամաբ կայացել է Հայաստանում։ «Հիմա պետք է տեխնիկական ու կազմակերպչական թերությունները վերացնենք, որպեսզի ձևավորված խոշորացված համայնքների իշխանությունները իրենց լիազորությունների շրջանակներում քաղաքացիներին ծառայություններ մատուցեն, որ քաղաքացին իրեն համայնքի լիարժեք անդամ զգա՝ անկախ նրանից, թե որ քաղաքում կամ բնակավայրում է ապրում։ Խոշորացման իմաստը դա է եղել, որ ավելի ուժեղ կառավարման համակարգ ունենանք, որը կկարողանա կոնսոլիդացված գաղափարներով ու ֆինանսական միջոցներով գյուղացու, քաղաքացու «մատից փուշ հանել ու ծառայություն մատուցել»,- ասաց Գիլոյանը։

«Համայնքների խոշորացումը արդյունավետության տեսանկյունից անառարկելի է, այլ խնդիր է, թե խոշորացման հետ կապված ինչ փոփոխություններ է անհրաժեշտ անել, որպեսզի կյանքը համայնքում սկսի ակտիվանալ»,- ասաց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ խոշոր համայնքներն ավելի մեծ խնդիրներ կարող են լուծել, և խոշորացման դեպքում համայնք-պետություն փոխհարաբերությունները դառնում են ավելի դյուրին ու հավասարը հավասարի։

«Երբ պետության հետ խոսի համայնք, որն ունի 300 բնակիչ, պետությունը կարող է նրա տեղը չիմանա էլ կամ նրանց հետ հանդիպի ոչ առաջնահերթ։ Իսկ եթե համայնքը մեծ շրջան է, որն ունի մեծաթիվ բնակչություն, ապա ինքը գործընկեր է դառնում պետությանը»,- ասաց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահը։

Մարզային քննարկման ընթացքում խոսվեց նաև համայնքների խոշորացման հետևանքով ազգային փոքրամանությունների համար ծագող հնարավոր խնդիրների մասին։ Ընդգծվեց, որ այս պարագայում պետք է ամեն բան այնպես կազմակերպել, որ ազգային փոքրամասնությունները կարողանան պահել իրենց ավանդույթներն ու մշակույթը։

Խոշորացման հետևանքով բոլոր համայնքներում աշխատատեղերի կրճատումներ են եղել։ Քննարկման ընթացքում հարց բարձրացվեց նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այդ քաղաքացիներին գործազրկության չմատնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ խոշորացված համայնքում նոր ծառայություններ են ստեղծվել, ու աշխատանքը կորցրած մարդիկ հնարավորություն են ունենալու վերապատրասվել ու անցնել նոր աշխատանքի։ Բայցևայնպես, ըստ նրա, նոր աշխատանք գտնել ոչ բոլորի մոտ է ստացվելու։

Համայնքների խոշորացման թեմայով մարզային քննարկումները շարունակվելու են, հանդիպման ավարտին նշեցին կազմակերպիչները։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել