«Արցախում հումանիտար ծանր վիճակը կարող է վերածվել աղետի». ընդդիմությունը առաջարկում է հարցը քննարկել ԱԺ-ում

իրավիճակը խրամորթում

Ազգային ժողովի ընդդիմությունն պահանջում է Արցախի հարցով հրատապ քննարկում անցկացնել առաջիկա նիստի ընթացքում։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությամբ ընդդիմությունը նախատեսում է մարտի 22-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի ընթացքում իրականացնել «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով քննարկում։

«Հատկապես վերջին շրջանում ադրբեջանական ագրեսիվ և ահաբեկչական գործողությունների (գյուղերի գնդակոծում, հոգեբանական ահաբեկչություն, գարնանային գյուղատնտեսության աշխատանքների կաթվածահարում, կենսական կարևորության օբյեկտների բնականոն աշխատանքի խաթարում) հետևանքով Արցախի Հանրապետությունում անվտանգության լրջագույն հիմնախնդրներին զուգընթաց ստեղծվել է հումանիտար ծանր վիճակ, որը սպառնում է վերածվել աղետի»,- նշված է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջի տեքստում։

Ընդդիմությունը կարծում է, որ այս հարցը «պետք է լինի Հայաստանի քաղաքական իշխանության ամենժամյա գործունեության առարկան»։

Ուստի առաջարկում է անցկացնել քննարկումը։ Պահանջի տակ ստորագրել է 30 պատգամավոր։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել