Փաշինյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:

«Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետն ու ԵՄ ներկայացուցիչը ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

«ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- նշված հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել