Խրամորթից տարհանվել են կանայք և երեխաները

khramort

Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները, տեղեկացնում է Ասկերանի շրջանային վարչակազմը։

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից»,- նշվում է վարչակազմի հաղորդագրությունում։

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերի, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի նկատմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծում և ականակոծում են գյուղերի մերձակա տարածքները, բարձրախոսով հայերենով բնակիչներին կոչ անում լքել գյուղերը։

Ստորև՝ ՍիվիլՆեթի ռեպորտաժները Արցախի սահմանամերձ գյուղերից․

Մեկնաբանել