Մարտի սկզբից ոչ ռեզիդենտները Հայաստանում բացել են շուրջ 6500 բանկային հաշիվ 

Russians in Armenia

Մարտի 2-ից 14-ը ներառյալ ոչ ռեզիդենտները Հայաստանում բացել են շուրջ 6 500 բանկային հաշիվ։ Այս մասին մարտի 15-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյանը տեղեկացրեց, որ հաշիվների մեծ մասը բացել են Ռուսաստանի քաղաքացիները, որոնց հոսքը Հայաստան վերջին օրերին զգալիորեն աճել է։

ՍիվիլՆեթի դիտարկմանը, թե ՌԴ շատ քաղաքացիներ բողոքում են հայկական բանկերում հաշիվների բացման իրենց հայտերը մերժելուց, Գալստյանը պատասխանեց, որ ոչ ռեզիդենտների համար հաշիվներ բացելու հարցում բանկերն ավելի զգուշավոր են: Նրա խոսքով՝ դա նորմալ պրակտիկա է:

Գալստյանն ասաց, որ վերջերս ինքը հանդիպել է խոշոր ներդրողի հետ, որը մեծ գոհունակություն է հայտնել Հայաստանում բանկային ծառայույթունների որակի վերաբերյալ:

Ռուս-ուկրաինական առճակատման ֆոնին շատ երկրներ կանխիկ տարադրամի արտահոսքի վրա սահմանափակումներ են կիրառել, սակայն Հայաստանի ԿԲ-ն նման միջամտության կարիք չի տեսնում: Ըստ ԿԲ նախագահի՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում որոշակի սահմանափակումներ կիրառվել են, որոնք կարճ ժամանակ անց վերացվել են:

«Բանկերի մտավախությունների համաձայն, հավանականություն կար, որ ռուբլին կարող էր ներհոսել Հայաստան, վերածվել կանխիկ արտարժույթի ու արտահոսել Հայաստանից։ Կարծում եմ՝ բանկերը բավական խելամիտ ու հավասարակշիռ գործողություններ են իրականացնում»,- ասաց Մարտին Գալստյանը` վստահեցնելով, որ այժմ վարչական սահմանափակումներ կիրառելու կարիք չկա, իսկ ԿԲ-ն և առևտրային բանկերն ունեն տարադրամի բավարար պաշար:

Տե՛ս նաև՝ ԿԲ-ն Հայաստանում տնտեսական աճի կտրուկ դանդաղում է կանխատեսում

Մեկնաբանել