Ադրբեջանը սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները

Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 16-ին, սկսել է Հայաստանից Արցախ գնացող վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։

Տեղեկատվական շտաբից հորդորում են բոլոր բաժանորդներին զգոնություն պահպանել և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Մեկնաբանել