Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը երկու ԱԹՍ կունենա

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակը՝ WWF Armenia-ն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին երկու անօդաչու թռչող սարք կնվիրի։ Հարցը ներառված է կառավարության մարտի 17-ի նիստի օրակարգում։

«Տեսչական մարմինն իր վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գտնվող անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և տարատեսակ ջրային գոտիներում: Հաշվի առնելով վերահսկողության ենթակա տնտեսավարողների և տարածքների սփռվածության գործոնը, դրանց չափսերը, ինչպես նաև Տեսչական մարմնի ենթակայության տակ գտնվող ռեսուրսների սահմանափակությունը՝ ոլորտում պատշաճ վերահսկողության ապահովելու հիմնական հրամայականը ներկայումս հանդիսանում է նոր տեխնոլոգիաների և մոտեցումների ներդրումը»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Անօդաչու թռչող երկու սարքերը օդից հսկողություն են իրականացնելու անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։

Մեկնաբանել