Սուրեն Առուստամյանը կրկին 8-րդն է

Մրցույթի առաջատարները շարունակում են մնալ Իտալիայի, Ուկրաինայի և Լատվիայի ներկայացուցիչները` համապատասխանաբար` 193, 192 և 190 միավորներով:

Առաջին օրվա արդյունքներով Սուրեն Առուստամյանը 8-րդն էր` 92 միավորով: Նա կատարել էր Էրիկ Քլեփթոնի Change The World երգը:

Հիշեցնենք, որ Լատվիայում երեկ սկսված «Նոր ալիք 2012» երգի մրցույթին այս տարի մասնակցում է 16 ներկայացուցիչ աշխարհի 14 երկրից: Այս հնգօրյա մրցույթում կատեգորիաները երեքն են` «համաշխարհային հիթ», «երկրի հիթ» և «օրիգինալ երգ»:

Այս տարի մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որը հաղթողների մեջ կբաժանվի հետևյալ կերպ.
1-ին տեղ- «Բյուրեղապակե ալիք». հաղթողի դիպլոմ և 50 հազար եվրո դրամական պարգև:
2-րդ տեղ- «Բյուրեղապակե ալիք», հաղթողի դիպլոմ և 30 հազար եվրո դրամական պարգև:
3-րդ տեղ- «Բյուրեղապակե ալիք», հաղթողի դիպլոմ և 20 հազար եվրո դրամական պարգև:

Հեռուստադիտողների քվեարկությամբ մրցանակ է շնորհվելու նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, լինելու է Յուրմալայի քաղաքային խորհրդի մրցանակ և մրցանակ «Muz TV» հեռուստաընկերության կողմից:

Առաջին օրվանից հետո մրցույթում առաջատարն էր Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը` 97 միավորով: Հավասար` 96-ական միավորներով 2-րդ և 3-րդ տեղերը կիսում էին Իտալիայի ներկայացուցիչ Դել Պինտոն և լատվիական “Framest” խումբը:

Նաև, «Նոր ալիք»-ի առաջին օրն այս տարի մի քիչ հայկական էր. երգչուհի Ալսուին նվագակցում էր դուդուկահար Կամո Սեյրանյանը` կատարելով «Ես լսեցի մի անուշ ձայն» երգի մեղեդին, համերգային մասում հանդես եկող «Մանկական Նոր ալիք 2011»-ի հաղթողը ևս հայ էր` Անդրանիկ Ալեքսանյանը:

Մեկնաբանել