Դեռ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին․ Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հրադադարի արձանագրված խախտումներով․ այդ մասին մարտի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Վերելք» լրատվականի թղթակցի հարցին:

«Այո, մենք մտահոգված ենք այս տարածաշրջանում տիրող իրավիճակով և ադրբեջանա-հայկական սահմանի որոշ հատվածներում մարտի սկզբից արձանագրել ենք հրադադարի կանոնավոր խախտումներ»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում գազատարի վնասման և ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին:

Զախարովայի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունությունն ապահովելու համար: «Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում տեղյակ են գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին: «Մենք կապի մեջ ենք երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այս խնդիրը լուծելու համար։ Մեր դիրքորոշումն այն է, որ ցանկացած քայլից, որը խնդիրներ կստեղծի խաղաղ բնակիչների համար, որոնք կբարդացնեն առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, պետք է խուսափել»,- նշել է Զախարովան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` Զախարովան կարևորել է, որ հնարավորինս շուտ սկսվի սահմանազատման գործընթացը՝ երկկողմանի հանձնաժողովի ձևավորմամբ։

Հարցին` արդյոք Մոսկվան Բաքվի գործողություններում տեսնում է իրավիճակից օգտվելու ցանկություն` հաշվի առնելով ռուս-ուկրաինական առճակատումը, Զախարովան նշել է, որ դրանք տարբեր գործընթացներ են: «Մեզ համար Ձեր նշած տարածաշրջանում կարգավորման իրավիճակը առաջնային է, և բոլոր մասնակիցները գիտեն այդ մասին», – ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ սկսելու աշխատանքը խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատրաստակամությանը:

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ նպաստելու նման բանակցային գործընթացին», – ասել է Զախարովան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այժմ «վաղ է խոսել նման պայմանագրի ստորագրման հավանական ժամկետի մասին»:

Մեկնաբանել