Կենսաբանական զենքի ռուսական թեզը՝ Ուկրաինայից Հայաստան

կենսաբանական բիոլաբորատորիա

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մարտի 8-ին հայտնել է, թե Ուկրաինայում ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաներում իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում, որոնց հետքերը ուկրաինական իշխանությունները շտապ կերպով փորձել են վերացնել։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Ռուսաստանի ՊՆ-ն։

Հատկանշական է, որ իր մեկնաբանություններում Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նաև անդրադարձել է հետխորհրդային տարածքի այլ երկրներում գտնվող նմանատիպ լաբորատորիաների գոյությանը։

«Այս տեղեկությունները հաստատում են մեր կողմից բազմիցս ներկայացված հայցերի հիմնավորվածությունը հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմա-կենսաբանական գործունեության նկատմամբ «Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի» կատարման համատեքստում»,- պնդել է Զախարովան։

Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ ռուսական քարոզչական թեզերը հաճախ տարածում են ստանում նաև Հայաստանում։ Ուկրաինայում ամերիկյան ֆինանսավորմամբ կեսնաբանական լաբորատորիաները որոշ հայկական լրատվամիջոցներ կապել են Հայաստանում գործող նմանատիպ լաբորատորիաների հետ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է, թե ինչպես է տարիների ընթացքում առաջացել, տարածվել և հերքվել Հայաստանում լաբորիատորիաների կողմից իբր հնարավոր կենսաբանական զենք ստեղծելու թեզը։

Արձագանքը բիոլաբորատորիաների մասին ռուսական թեզին

Ռուսական պնդումները Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման կամ մշակման շուրջ հերքվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Սպիտակ տան և Պենտագոնի կողմից։ Այն, որ ռուսական պնդումները անհիմն են, ապացուցել են մի շարք լրատվականների, այդ թվում New York Times-ի, BBC-ի և այլ կազմակերպությունների փաստեր ստուգող լրագրողները։

Կադր ռուսական պետական Առաջին ալիքի լուրերի հաղորդումից

Այդ լաբորատորիաները չեն զբաղվել կենսաբանական զենքերի մշակմամբ, այլ ունեն հետազոտական ուղղվածություն՝ հիվանդություններն ուսումնասիրելու և դրանց դեմ պայքարելու։ Իսկ «Медуза»-ն նկատել է, որ ռուսական վարկածում «մեծ հարցականներ կան»՝ լաբորատորիաների գործունեության մասին:

Լաբորատորիաները Հայաստանում և դրանց շուրջ վեճը

Դեռ 2016-2017 թթ. Հայաստանում ռուսական քարոզչության կողմից լայնորեն տարածվում էր այն թեզը, թե իբր Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաներում կենսաբանական զենք կարող է ստեղծվել։ Խոսքը հատկապես Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի մասին է։

Երևանում գտնվող այս կենտրոնը և դրան կից Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կենտրոնական կառույցների բացումը (վերաբացումը) տեղի էր ունեցել 2016-ի հուլիսին՝ երկու գերատեսչությունների նախարարների և ԱՄՆ դեսպանի կողմից։ 2016-2017 թթ․ մարզային կառույցներ են ստեղծվել Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

Դրանք ֆինանսավորվել և վերազինվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) զանգվածային ոչնչացման զենքերին հակազդելու համար ստեղծված «Վտանգների նվազեցման գործակալության» (DTRA) կողմից։ Երկու կենտրոնների համար ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ներդրել էր գրեթե 14 մլն դոլար։

Հայաստանի և ԱՄՆ միջև իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը հիմնադրվել է վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատելու համար: Այն միտված է ամրապնդելու Հայաստանի հիվանդությունների հետագծման կարողությունները, ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների հետագա բռնկումներին։

Թեզի ծագումը Հայաստանում

Այն թեզը, որ այս լաբորատորիաները վտանագավոր են և մասնավորապես կենսաբանական զենքի ստեղծմամբ են զբաղված սկզբնական շրջանում, քարոզում էր Հայկ Այվազյանը։ Նա 2016-ին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում պնդել էր, որ «չի բացառվում, որ այդ լաբորատորիաները Հայաստանի համար համաճարակային վտանգ ներկայացնեն»։ 2017-ի հունիսին մի քանի քաղաքացի ցույց էին կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ բողոքելու այդ լաբորատորիաներում իբր կենսաբանական զենք ստեղծելու դեմ։
Նախորդ շաբաթ Հայկ Այվազյանը «5-րդ ալիքի» եթերում պնդում էր, որ ռուսական քննչական մարմինները, ուսումնասիրելով Ուկրաինայում կենսաբանական զենք մշակող լաբորատորիաները, «այդ նույն հետքերով գալու են նաև Հայաստան»։

Հայկ Այվազյանը տարբեր տարիներին հանդես է եկել որպես Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության ղեկավար, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր: Օրեր առաջ նա որպես «Հայաստանի հականացիստական ճակատի» ներկայացուցիչ մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան մոտակայքում բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։

Հերքումներ և մտահոգությունների փարատում

Այս թեզերի տարածմանը զուգահեռ, այն անմիջապես հերքվեց ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ ԱՄՆ դեսպանատան կողմից։ Հատկանշական է, որ դեռ 2016-ին Առողջապահության նախարարությունը Fip.am-ին հայտնել էր, որ Ռուսաստանը կենտրոնին տրամադրել է սարքավորումներ և լաբորատոր կահույք։

2018-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսաստանցի մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու այդ լաբորատորիաներ։ «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական ցուցումով ռուս մասնագետները հասանելիություն են ստացել այդ լաբորատորիաներ»,- հայտնել էր Փաշինյանը «Կոմերսանտին»։

«Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ։ Մենք պատրաստ ենք համագործակցության, իսկ ռուս մասնագետներն արդեն եղել են այնտեղ և համոզվել, որ այդ լաբորատորիաներում որևե սարսափելի բան չկա»,- հավելել էր Փաշինյանը։

ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը հայտնել էր, որ ռուս մասնագետները ճանաչողական այց են իրականացրել Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ՝ «ռուսական կողմի մտահոգությունները փարատելու նպատակով»։

Իսկ երբ 2019-ի հոկտեմբերին կրկին հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանին պաշտոնապես հասանելիություն տալ՝ մուտք գործելու լաբորատորիաներ, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում դրանում։

Նախորդ տարի՝ 2021-ի մայիսի 6-ին արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրեցին հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը վերահաստատել էր, որ «ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից» և դրանց անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից։

Մեկնաբանել