Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Իխլաս ալ Բադաուին, որը ներկայացնում է Հալեպ նահանգը, փախել է Թուրքիա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբական Sky News Arabia հեռուստաալիքը։
«Ես հատել եմ Թուրքիայի սահմանը և փախել եմ այդ բռնապետական վարչակարգից ժողովրդի դեմ ուղղված բռնաճնշումների ու դաժան կտտանքների պատճառով»,- հայտարարել է Ալ Բադաուին Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
Սա Սիրիայի խորհրդարանի պատգամավորի՝ երկրից փախչելու առաջին դեպքն է։
Ավելի վաղ Իրաքում, Կիպրոսում և Արաբական Միացյալ Էմիրություններում Սիրիայի դեսպաններ Նավաֆ ալ Ֆարիսը, Լամիյա ալ Հարիրին և նրա ամուսինը՝ Աբդ ալ Լատիֆ ադ Դաբաղը, հայտարարել էին սիրիական ընդդիմության կողմն անցնելու մասին։
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է անցյալ տարվա մարտից։