Մոսկվայում մարտի 17-ին կայացել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ, քննարկվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման գործընթացը:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների ժամանակ կատարվել է ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների գնահատականների փոխանակում։
«Քննարկվել է կենսաանվտանգության մասին երկկողմ հուշագրի իրականացման առաջընթացը՝ ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ոլորտները։ Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում։
«Կողմերը նաև հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը […] Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
….
Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն:
Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ (որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ) գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Մոսկվան այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:
ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին 2019-ի նոյեմբերին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են:
Տե՛ս նաև՝ Կենսաբանական զենքի ռուսական թեզը՝ Ուկրաինայից Հայաստան