Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը, օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնից տեղեկացնում են, որ բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։