Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի հինգ առաջարկները

Մարտի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ջեյհուն Բայրամովն ու Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած հինգ առաջարկներին։ Ժան-Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին ներկայացրել է հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, որ ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին։ ՀՀ ԱԳՆ-ն նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Մեկնաբանել