Արցախ․ ի՞նչ անել, եթե հանկարծ խաղաղապահները հեռանան

russian flag amaras nk

Հոդվածը հրապարակվել է «Անալիտիկոն» հանդեսի կայքում

«Ժողովուրդը պետք է կազմակերպված ինքնապաշտպանություն ցույց տա։ Իսկ դա եղանով, կացինով, գերանդիով չի լինում։ Առնվազն ավտոմատ է անհրաժեշտ։ Սա իմ և մեր գյուղացիներից շատերի կարծիքն է։ Եթե ինքնապաշտպանության պիտի դիմենք, պետք է հստակ գործողությունների ծրագիր լինի։ Զինված մարդիկ էլ առնվազն երեք ամիսը մեկ պետք է վերապատրաստվեն, մշտապես պատրաստ լինեն։ Ես ինքս դպրոցի տնօրեն լինելով՝ պատրաստ եմ»․ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը ՍիվիլՆեթի լրագրողին այսպես էր բացատրում սահմանամերձ գյուղերում ինքնապաշտպանություն կազմակերպելու հրատապությունը, երբ Ադրբեջանը մարտի 4-ին հերթական անգամ ահաբեկել էր գյուղացիներին՝ կրակահերթեր արձակելով ու բարձրախոսով հայերեն կոչ անելով լքել գյուղը։

Ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբից Ադրբեջանի գործողություններն Արցախում ավելի սանձարձակ են դարձել․ գնդակոծվում ու ականակոծվում են սահմանամերձ գյուղերը, մարդկանց դրդում/սպառնում են լքել իրենց բնակավայրերը։ Այս հոդվածը գրելու պահին արդեն ութերորդ օրն է, ինչ Արցախում գազ չկա՝ գազամուղի վթարի կամ դիտավորյալ պայթեցման պատճառով, և Ադրբեջանը մասնագետներիին չի թողնում մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող այդ տարածքն ու շտկել խնդիրը։ Ակնհայտ է, որ այս ամենը պատահական միջադեպեր չեն, որ ռուս խաղաղապահներն էլ իրենց մանդատին համաձայն՝ շտապ ժամանեն դեպքի վայր ու խնդրին լուծում տան։

2020-ի պատերազմից հետո Ստեփանակերտի իշխանություններն ամեն առիթով հայտարարում են, որ Արցախի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, ու գնալով ավելի են ապավինում նրանց։ Բայց արդյոք միայն դա բավարա՞ր է անվտանգություն ապահովելու և Արցախի հայաթափումը կանխելու համար։

Ռուսները ներկայում բավական զուսպ են իրենց անվտանգային հովանու ներքո գտնվող Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական ու տնտեսական ոտնձգություններին հակադարձելու առումով։ Եվ դրա միակ պատճառը ուկրաինական ճգնաժամն է։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի միացել իր դաշնակիցների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին, իսկ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի կողմից Դոնբասի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման օրը Մոսկվայում դաշնակցային համաձայնագիր էր ստորագրում Կրեմլի հետ։

Այս ամենը (ու ոչ միայն) հուշում է, որ ռուս խաղաղապահների գործողություններն այստեղ կապված են լինելու զարգացումների հետ այլ աշխարհաշրջաններում։ Այսօր դա Ուկրաինան է, վաղը կարող է լինել Սիրիան, Կենտրոնական Ասիան կամ որևէ այլ տարածաշրջան ու ինչու ոչ՝ հենց Ռուսաստանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք արդեն ականատես եղանք, թե ինչպես մինչ այդ զուտ հետխորհրդային այս տարածաշրջանը դարձավ մերձավորարևելյանի շարունակությունը՝ Թուրքիայի ներգրավմամբ, հակամարտության գոտի վարձկանների տեղափոխմամբ, պատերազմում ոչ ռուսական/ոչ խորհրդային սպառազինությունների լայն կիրառմամբ և այլնով։

Հայաստանում ու առավել ևս Արցախում չեն հնչում հարցեր ներկայի և մոտալուտ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու մասին։ «Ի՞նչ կլինի, եթե․․․»․ այս ձևակերպումով չհնչեցված ու անպատասխան հարցերի շարանը շատ երկար է։

Թոթափել գավառամտությունը

Աշխարհաքաղաքական այսօրվա տեկտոնիկ փոփոխություններում Արցախը քաղաքական առումով գրեթե միայնակ է։ Թեև Հայաստանը մեծապես ավելացրել է հետպատերազմյան Արցախին ուղղվող ֆինանսական աջակցության փաթեթը, սակայն քաղաքական, անվտանգային առումով նույնպես մեծ հաշվով լռելյայն ապավինում է ռուս խաղաղապահ զորակազմին (հուլիսին կվերադառնա Հայաստանից Արցախում ծառայող զինվորների վերջին հոսքը․․․ ու այլևս Հայաստանից ժամկետայիններ չեն գնա Արցախ)։

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատերազմում պարտության պատասխանատվության բեռն ընդդիմադիր հակառակորդներին վերագրելու համար չի խորշում օգտագործել անգամ ադրբեջանական քարոզչական թեզերը, օրինակ, որ «երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում», որ «2016-ին Ղարաբաղը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները», որ իբր 1999-ի «Ստամբուլյան հռչակագիրը արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում»։ Եվ այսպես շարունակ։

Արցախը հայտնվել է մի իրավիճակում, երբ այլևս չի կարող իրեն թույլ տալ Մայր Հայաստանի ստվերի ներքո անվրդով ու մանկամիտ ապրելը, ավելին՝ ստիպված է որոշակի հարցերում զսպել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։

Բացի ուժերի համախմբումից՝ դա նշանակում է նաև շատ ավելի լուրջ լինել որևէ քայլ ձեռնարկելիս, որևէ հայտարարություն անելիս կամ դրան արձագանքելիս։

Արցախի անվտանգությունն այսօր կախված է նաև նրա դիվանագիտությունից։ Դիվանագիտությունից՝ լայն առումով, ոչ թե միջազգային լսարանին ներկայացվող տեղական սպառման էժան թեզերից ու որոշումներից։

Գավառամիտ որոշման ամենացցուն օրինակը, թերևս, Արցախի բռնազավթված տարածքների մասին օրենքի ընդունումն էր, որը հավասարության նշան է դնում, օրինակ, կորսված Հադրութի ու Աղդամի միջև՝ դրանով իսկ փոշիացնելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ որպես միջազգայնորեն ընդունված քաղաքական միավորի ամբողջական վերականգնման լեգիտիմ իրավունքը։

Արցախի ղեկավարությունն, արդյոք, իրեն հարց տվե՞լ է, թե քաղաքական, տնտեսական, իրավական, անվտանգային կամ որևէ ինչ այլ խնդիր է լուծում նման օրենք ընդունելով։

Նախապատերազմյան ամբոխահաճությունը իներցիայով շարունակվում է։ Պատերազմը կարծես դաս չի եղել։

Անպատասխան հարցեր

Արցախի անվտանգային մարտահրավերները լուծելու էժան ու ընդհանրական բաղադրատոմսեր չկան։ Ավելին, այդ առումով հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ Ու նաև դրանից ելնելով է, որ մենք պետք է չվախենանք բարդ հարցեր հնչեցնելուց և դրանց պատասխանները որոնելուց։ Իսկ հարցերը շատ են․

  • Ինչպիսի՞ բանակ է ունենալու Արցախը նոր իրողություններում։ Ի՞նչ խնդիրներ է լուծելու այն։
  • Ինչպե՞ս է բանակը համալրվելու մարդուժով և տեխնիկայով։
  • Հնարավո՞ր է, արդյոք, ադրբեջանական ճնշման ներքո Արցախի բանակի կազմալուծում և ինչ-որ այլ միավորի ստեղծում։ Ինչպե՞ս դրա դեմն առնել։
  • Որքանո՞վ են ռուս խաղաղապահներն ապահովում Արցախի ներկա տարածքի անվտանգությունը։ Ի՞նչ բացեր կան և ինչպե՞ս են դրանք լուծվելու։
  • Ի՞նչ անել, եթե ռուս խաղաղապահներն ինչ-ինչ հանգամանքներում հեռանան տարածաշրջանից։
  • Ինչպե՞ս արցախյան դիվանագիտությունը ծառայեցնել անվտանգային հարցերի լուծմանը։
  • Ինչպե՞ս ներգրավել Հայաստանի և Սփյուռքի մարդուժը Արցախի անվտանգային և առհասարակ պետական կառավարման համակարգում։
  • Ինչպե՞ս նպաստել Արցախի հարցում Ստեփանակերտի ու Երևանի միջև միասնական դիրքորոշումների ու քաղաքականության ձևակերպմանն ու իրականացմանը։
  • Ինչպե՞ս աշխատել ռուս խաղաղապահների հետ տեղում և նրանց քաղաքական ղեկավարության հետ՝ Մոսկվայում։
  • Ինչպե՞ս հարաբերվել ուժային այլ կենտրոնների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի, Չինաստանի ու այլ երկրների հետ։
  • Ինչպե՞ս շփման եզրեր գտնել Բաքվի հետ․․․ Անկարայի հետ։

Ինչ խոսք, անվտանգությունը լայն առումով կախված է երկրի ժողովրդագրությունից, աշխարհագրությունից, տնտեսությունից ու արտաքին միջավայրից։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Հայությունը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ կրկին սխալվելու։

Հարցերի շարանն ու պատասխանների որոնումը կարող եք շարունակել ինքներդ։

Read the article in English.

Читайте статью на русском.

Մեկնաբանել