Հակամարտություն և ապատեղեկատվություն՝ պատվաստանյութերի շուրջ

Vaccine

Արշալույս Բարսեղյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համավարակի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց խոսեց լրավարակի մասին։ Պատճառն այն էր, որ ապակողմնորոշող տեղեկատվությունը վիրուսին զուգահեռ տարածվում էր աշխարհում։ Ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ ԱՀԿ-ն սկսեցին արձագանքել տարածվող ոչ հավաստի տեղեկատվությանը, որը, սակայն, շարունակում է թողնել իր բացասական ազդեցությունը։

Ապակողմնորոշող բովանդակությունը ոչ միայն հակահամաճարակային կանոնների չպահպանման ու հանրության վարքի վրա էր ազդում, այլև իր հետքը թողեց պատվաստման ցուցանիշի և դրա տեմպի վրա։

Հայաստանում COVID-19-ի պատվաստման դինամիկան ու դիմակայումը

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ ամբողջապես պատվաստված է ընդամենը 947 156 մարդ։

Պատվաստանյութերի՝ Հայաստան հասնելուց հետո տևական ժամանակ բնակչության շրջանում պատվաստման տոկոսը շատ ցածր էր։ Սրան նպաստող մի շարք հանգամանքների թվում է համակարգված սոցցանցային և լրատվական արշավները ընդդեմ պատվաստումների, որում ներգրավված էին նաև քաղաքականացված բժիշկներ։

Պատվաստման տեմպը աճեց, երբ 2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Առողջապահության նախարարի հրամանը։

Ըստ այս նոր կարգավորման՝ չպատվաստված աշխատողները սկզբում յուրաքանչյուր 14 օրը (ապա յուրաքանչյուր 7-րդ օրը) գործատուին պետք է ներկայացնեն իրենց հաշվին արված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի սերտիֆիկատ։

Այս հրամանն իր հետ բերեց դժգոհությունների մեծ ալիք. պնդումներ եղան, թե մարդու իրավունքերն են սահմանափակվում, իսկ հակապատվաստումային արշավը ներկայացվեց ազատության համար պայքար։

Բացի դժգոհություններից ու պատվաստման աճող վիճակագրությունից, առողջապահության նախարարի այս որոշումը նաև բերեց կեղծիքներ։ ՀՀ քաղաքացիները զարտուղի ճանապարհով ձեռք բերեցին պատվաստման կեղծ վկայականներ։

Սակայն բացի պատվաստումներից նաև պատվաստանյութերը դարձան քննարկման նյութ, իսկ աշխարհում՝ Արևմուտք – Ռուսաստան հակամարտության կռվախձոր։

Պատվաստանյութերը թիրախավորվեցին Հայաստանում

Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի մի մասը գնվել է COVAX նախաձեռնության շնորհիվ, մյուս մասը՝ որոշակի խմբաքանակով, նվեր է ստացվել տարբեր երկրներից՝ այդ թվում Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան և Եվրոպական միության անդամ պետություններ։

Բացի պատվաստանյութերից, կորոնավիրուսին դիմակայելու համար Հայաստանը ստացել է այլ օժանկաություն ևս։ Օրինակ, «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 96 միլիոն եվրոյի արձագանքման փաթեթ՝ աջակցելու Հայաստանի անմիջական կարիքներին և սոցիալ-տնտեսական վերականգնմանը:

ԵՄ ֆինանսական աջակցությամբ բուժաշխատողնեի վերապատրաստումներ են անցկացվել։ Կառույցը նաև տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ 4 սառցարան՝ #COVID19-ի դեմ պատվաստանյութների՝ ցածր ջերմաստիճանային պահպանման համար, 200 թթվածնի խտացուցիչ և այլն։

Այս ընթացքում մամուլում տարածվում էին պնդումներ տարբեր պատվաստանյութերի ոչ անվտանգ լինելու մասին։ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ամենից շատ նման խոսակցությունների թիրախում հայտնվեց բրիտանաշվեդական AstraZeneca-ն։

Հայաստանում կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի մասին տարածվող ապատեղեկատվություններին մի շարք հրապարակումներով անդրադարձել է EUvsDisinfo կայքը։ Օրինակ, հոդվածներից մեկում կայքը նկատում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Կրեմլին հարող լրատվականները մեծապես խրախուսում էին Sputnik V-ով պատվաստվել, մինչդեռ արևմտյան պատվաստանյութերի նսեմացումը շարունակվում էր: Կայքը նաև նկատում է, ապատեղեկատվական հաղորդագրությունները պարզապես պատճենված չեն․ դրանք հարմարեցված են տեղական համատեքստերին:

Մեկ այլ նյութում անդրադարձ է կատարվել iravunk.com-ի հրապարակմանը, որը առաջ է քաշում այն միտքը, թե AstraZeneca պատվաստանյութը պարտադրվել է Հայաստանին։ Այն առանց ապացույցների ստորադասվում է ռուսական Sputnik-V պատվաստանյութին ու դրա հիման վրա եզրակացվում, որ պատճառը «կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադրանքներ շալակած «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արեւմտյան կառույցների հանձնարարականներն են»:Աշխարհում տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԱՀԿ կայքում ստեղծվել է բաժին, որտեղ արձագանքում են տարածվող միֆերին։ Օրինակ, որ դիմակների պատճառով ածխաթթու գազով կարելի է թունավորվել կամ թթվածնի պակաս ունենալ։ Մեկ այլ օգտակար աղբյուր է Poynter ինստիտուտի ստեղծած բազան, որում ներառվում է փաստեր ստուգող լրագրողների բացահայտած ապատեղեկատվությունը COVID-19-ի մասին։ Սակայն, ԱՀԿ-ից կարծում են, որ ոչ գիտահեն տեղեկությունների տարածումը ազդեցություն է ունենում ոչ միայն անհատական, այլև համակարգային մակարդակում կայացվող որոշումների վրա։

Մեկնաբանել