Արցախի դատախազությունը անդրադարձել է «Արցախում գերատեսչությունները չեն պատասխանում ՍիվիլՆեթի հարցումներին՝ ի հեճուկս Սահմանադրության» հոդվածին։ Հաղոդագրության մեջ ասվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, հակառակ դեպքում՝ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՍիվիլՆեթը գրել էր, որ Արցախում պետական գերատեսչությունները շարունակում են տեղեկատվություն չտրամադրելու իրենց գործելաոճը՝ ի մի բերելով, թե ինչ հարցումներ են մինչև հիմա մնացել անպատասխան՝ ի հեճուկս Արցախի Սահմանադրության և օրենքների։
«Անընդունելի է պետական մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրելու պարտականության ոչ պատշաճ կատարման ցանկացած դրսևորում, իսկ այդպիսիք լինելու դեպքում՝ օրենքով նախատեսված հիմքերի աառկայության պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ԱՀ իրավապահ մարմիններին, իսկ վարչական իրավախախտումների դեպքում՝ դիմել վարչական դատարան: Հրապարակմամբ ներկայացված դեպքերի մասով լրատվական կազմակերպությունը ևս կարող է դիմել վարչական դատարան՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարված պաշտոնատար անձին (անձանց) վարչական պատասխանատվության ենթարկելու և տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Դատախազությունը հիշեցնում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1897-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում հետևյալ արարքների համար՝ «օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:
Իսկ Արցախի քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելու կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելու համար, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել:
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ