Արցախը սնուցող գազատարի վերանորոգումն ավարտվել է

Հայաստանից Արցախ գնացող վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։

Շտաբը կոչ է անում բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված էր գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմն մարտի 16-ին սկսել էր վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Մեկնաբանել