Բնակվարձի թանկացումով Երևանում ու Թբիլիսիում ավելացել են վարձակալների վտարման դեպքերը

վրաստան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Անի Ավետիսյան և Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում բնակարանների վարձերն ավելի քան կրկնապատկվել են այն բանից հետո, երբ պատերազմից, բռնաճնշումներից և կործանարար պատժամիջոցներից խուսափելու շրջանակում շատ ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ տեղափոխվեցին Երևան և Թբիլիսի։

Նարինե Գևորգյանը, որը Երևանում բնակվող ուսանող է, իր հինգ ընկերների հետ երկու տարի է, ինչ երեք սենյականոց բնակարան է վարձակալում քաղաքի կենտրոնում՝ ամսական մոտ 260 դոլարով։ Տանտերը նրանց հանում է բնակարանից, քանզի նրանք չեն կարողանում ամսական հավելյալ 150 դոլար վճարել:

«Մենք նոր տուն դեռ չենք գտել։ Գները չափազանց բարձր են»,- OC Media-ին ասել է Նարինե Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ եթե առաջիկայում բնակարան չգտնի, այլևս չի կարողանա դասի հաճախել և այլ ելք չի ունենա, քան հետաձգել ուսումը:

Իրավիճակը Թբիլիսիում ավելի լավ չէ։

Երեսունմեկամյա Նատալիան (նա խնդրել է չնշել իր ազգանունը) մոտ մեկ տարի ապրում է Թբիլիսիում գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում տանտերը նրան հայտնել է, որ իր հարազատները «գալիս են Ռուսաստանից», և որ Նատալիան պետք է շտապ ազատի բնակարանը։

Նատալիան առաջարկել է ավելի շատ վճարել վարձակալության համար, որպեսզի իրեն դուրս չհանեն բնակարանից։

«Համաձայնեցված 600 լարիի (190 դոլար) փոխարեն ես առաջարկեցի վճարել 800 լարի (250 դոլար), և նա ասաց «այո»»,- OC Media-ին պատմել է Նատալիան:

Ի վերջո, Նատալյան պարզել է, որ իր բնակարանի սեփականատերը ևս մի քանի բնակարան է վարձով տված եղել այդ շենքում և իր բոլոր վարձակալներին պատմել է Ռուսաստանից եկած ենթադրյալ ազգականների և բնակարանն ազատվելու անհրաժեշտության մասին նույն պատմությունը։ Նա պարզապես օգտագործել էր այս պատմությունը բոլորի բնակվարձը բարձրացնելու համար։

Սակայն սա Նատալիայի փորձությունների վերջը չէր:

«Մի քանի օր անց իմ պատշգամբից խողովակ ընկավ և վնասեց հարևանի ավտոմեքենան։ Տանտերը պահանջեց, որ ես փոխհատուցեմ վնասը, և երբ ես առարկեցի, նա ասաց, որ լքեմ բնակարանը»,- պատմել է Նատալիան: Հավելյալ 200 լարին (60 դոլար), կարծես, բավարար չի եղել:

Երևանում և Թբիլիսիում անշարժ գույքի գործակալներն ու վարձակալության հարցերով զբաղվող գործակալությունները OC Media-ին ասել են, որ գները բարձրացել են նույնիսկ զբոսաշրջային կենտրոններից հեռու գտնվող թաղամասերում: Ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ օրական մոտ 6000 ռուսաստանցի է ժամանում Երևան, ընդ որում՝ մարտի 8-ից ի վեր Երևան է ժամանել մինչև 80 000 ռուսաստանցի:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հինգշաբթի խորհրդարանին ասել է, որ այս տարի Վրաստանի սահմանը հատած Ռուսաստանի քաղաքացիների թիվը 50%-ով ցածր է, քան 2019-ի նույն ժամանակահատվածում, թեև նա կոնկրետ թիվ չի նշել:

Դրանից առաջ՝ մարտի 7-ին, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ այս տարի Վրաստան է ժամանել 20 000-25 000 ռուսաստանցի, ինչը համեմատելի է 2020-ի հետ։

Հարավային Կովկասում երկար ժամկետով բնակարան փնտրող տասնյակ հազարավոր մարդկանց հոսքը դեպի համեմատաբար քիչ բնակչություն ունեցող քաղաքներ (Երևանն ունի 1 միլիոն բնակչություն, Թբիլիսին՝ 1,2 միլիոն) հանգեցրել է բնակարանների պահանջարկի աննախադեպ աճի և դրան համապատասխան գների բարձրացման։

Երևանում, օրինակ, մեկ սենյականոց բնակարանի վարձը, որը տատանվում է 150-400 դոլարի սահմաններում, այժմ կազմում է միջինը 600-700 դոլար: Գների այսպիսի բազմապատկում տեղի է ունեցել նաև Թբիլիսիում։

Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար սահմանել են առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Ռուսաստանը Հայաստանի հետ առանց վիզայի փոխադարձ ռեժիմ ունի, սակայն վրացիներից վիզա պահանջում է։ Վրաստանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները բողոքում էին նաև հենց այս պահանջի դեմ և Վրաստանի իշխանություններին կոչ անում դադարեցնել առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար:

Ուկրաինային ավելի մեծ օգնություն ցուցաբերելու պահանջով ցույցի ժամանակ ցուցարարը զուգարանի թուղթ է նետում կառավարության շենքի վրա: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media.

Պատերազմ, ռեպրեսիա և տնտեսական կոլապս

Բնակչության ներհոսքը Հայաստան և Վրաստան սկսվեց փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա՝ բազմաթիվ ճակատներով ներխուժելու համար օգտագործելով Ուկրաինային հարակից տարածքները, ներառյալ Դոնեցկի և Լուգանսկի անջատողական շրջանները, Ղրիմը և Բելառուսը: Ի պատասխան ներխուժման՝ արևմտյան երկրներն աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ հանգեցնելով տնտեսական ծանր ճգնաժամի:

Երկու ավտորիտար դաշնակիցների ընդունած նոր օրենքները անդառնալիորեն ուժեղացրել են բռնաճնշումները նրանց դեմ, ովքեր կարող են դեմ լինել պատերազմին: Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանում վերջերս ընդունված մի օրենքով մինչև 15 տարի ազատազրկմամբ է պատժվում ռուս զինվորականների մասին «կեղծ տեղեկություն» տարածելը, օրինակ՝ եթե Ուկրաինա ներխուժումը որևէ մեկն անվանի պատերազմ, այլ ոչ թե «ռազմական գործողություն»։

Ըստ որոշ գնահատականների՝ պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանից մոտ 200 000 մարդ է մեկնել արտերկիր, օրական հազարավոր մարդ է հետևում նրանց օրինակին: Ռուսաստանից մարդկանց զանգվածային այս արտահոսքը, անշուշտ, համեմատելի չէ ավելի քան 3 000 000 ուկրաինացի փախստականների (ՄԱԿ-ի գնահատականներով) հետ, որոնք երկիրը լքել են Պուտինի սանձազերծած պատերազմի հետևանքով․ նրանց մեծ մասը գնում է Լեհաստան, Մոլդովա և Ռումինիա:

Նոր հրապարակում՝ բնակարանների հայկական առցանց շուկայում. այն առաջարկում է երեք սենյականոց բնակարան, որի ամսական վարձը անհավանական մեծ գումար է՝ 5 000 դոլար:

Բողոք ու բնակվարձի ընտրովի բարձրացում

Էլոդի Գավրիլոֆ-Դերնիգորոսյանը, որն ապրում է Երևանի կենտրոնում, OC Media-ին ասել է, որ տանտերը կրկնապատկել է վարձավճարը՝ 400 դոլարից հասցնելով 800 դոլարի, իսկ երբ ինքը հրաժարվել է վճարել, տանտերը իրեն վտարել է բնակարանից։

Նա ասել է, որ գիտի նմանատիպ տասնյակ դեպքերի մասին։ Էլոդին նաև նշել է, որ ինքը և վերջերս բնակարանից վտարված կամ վարձավճարների բարձրացման զոհ դարձած այլ քաղաքացիներ այժմ քննարկում են, թե ինչպես ստեղծել «շարժում» կամ ինչպես «ընդդիմանալ» այս իրավիճակին:

«Ոչ ոք այդ պատճառով չպետք է մնա փողոցում»,- ասել է նա:

Թբիլիսիում որոշ տանտերեր բնակվարձի տարբեր գներ են առաջարկում՝ կախված վարձակալի քաղաքացիությունից:

«Տանտերերն առցանց հարթակներում կարող են նշել ամսական 300 դոլար վարձավճար, բայց երբ զանգում եմ պայմանները պարզելու համար, նրանք անմիջապես ինձ հարցնում են, թե ով է ապրելու բնակարանում,- OC Media-ին ասել է Թբիլիսիում գործող անշարժ գույքի գործակալ Մայա Կոչլամազաշվիլին,- Երբ ես նրանց ասում եմ, որ ռուսներ կամ բելառուսներ են բնակվելու, նրանք այդ պահին փոխում են գինը և ասում, որ 800 դոլարից ցածր գնով չեն տա»։

Այդուհանդերձ, Կոչլամազաշվիլին նշել է, որ առհասարակ թանկացումներն ընդհանուր բնույթ են կրում՝ անկախ վարձակալի ազգությունից: Նա հավելել է, որ դա, հավանաբար, առանձնահատուկ բեռ կդառնա տեղացների համար Հայաստանում և Վրաստանում, որտեղ աշխատավարձերը շատ ավելի ցածր են, քան Ռուսաստանում և Բելառուսում:

«Տեղացիները նույնպես շատ ծանր վիճակում են,- ասել է նա,- Ո՞վ կարող է իրեն թույլ տալ 800-900 դոլար վճարել մեկ սենյականոց բնակարանի համար»:

Մեկնաբանել