Հայաստանում ռուսական օդանավ է ձերբակալվել՝ ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի

Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական ավիաընկերությունների մոտ 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Մենք ունեինք 1 367 ինքնաթիռ (մինչեւ պատժամիջոցները – խմբ․)։ Թռիչքների ժամանակ օդանավերից 78-ը ձերբակալվել է»,- ասել է Սավելևը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռները ձերբակալվել են նաև Ռուսաստանի բարեկամ երկրներում ՝ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։

Եվրամիությունը փետրվարի 26-ին պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են քաղաքացիական ինքնաթիռների և պահեստամասերի մատակարարումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տեխսպասարկումը և ապահովագրությունը: Մինչ պատժամիջոցները ռուսական ավիաընկերությունները թռիչքները մեծամասամբ իրականացնում էին Boeing-ներով և Airbus-երով։ Այժմ ՌԴ ավիաընկերությունները փոխադրումները կատարում են ռուսական Sukhoi Superjet 100-ներով։

Հայաստանի քաղաքացիական ավիացիա կոմիտեից ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին, որ ծանոթ են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հայտարարությանը, սակայն, նշեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանում կալանավորված ինքնաթիռ չկա։ Միակ միջադեպը եղել է 2022-ի մարտի 4-ին, որի վերաբերյալ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել։