Անթույլատրելի է արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հայտարարությունում։

***

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մեկնաբանել