Երեք սցենար՝ քիչ վատ, վատ և վատագույն․ ինչին պետք է պատրաստ լինի Հայաստանը

մայր հայաստան

Ուկրաինական ճգնաժամից առաջ ռազմական փորձագետներից շատերը կանխատեսում էին, որ Ռուսաստանը արագ հաղթանակ է տանելու։ Այդ կանխատեսումները սխալ դուրս եկան, և Ուկրաինայում շարունակվող պատերազմի անորոշությունները գնալով խորանում են։

Financial Times-ի միջազգային հարցերի մեկնաբան Գիդեոն Ռախմանը ուկրաինական ճգնաժամի երեք հավանական սցենար է կանխատեսում

Առաջին սցենարը, որը և՛ ամենաողբերգականն է, և՛ ամենահավանականը, այն է, որ այս պատերազմը դեռ շարունակվելու է շատ ամիսներ։

Երկրորդ սցենարը, որ 30 տոկոս հավանական է, այն է, որ գտնվում է խնդրի խաղաղ կարգավորում:

Երրորդ սցենարը, որի հավանականությունը Ռախմանը գնահատում է 10 տոկոս, այն է, որ Ռուսաստանում ինչ-որ քաղաքական ցնցում է տեղի ունենում, ինչի արդյունքում տապալվում է Պուտինի իշխանությունը, և Կրեմլի նոր ղեկավարությունը Ուկրաինայի նկատմամբ նոր մոտեցում է որդեգրում:

․․․

Առանց քաղաքական գնահատականներ տալու և առանց հիշելու Ուկրաինայի դիրքորոշումը Արցախի հարցում ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Կիևի հրապարակային աջակցությունը Բաքվին, առանց հիշեցնելու հայերի նույն տառապանքներին միջազգային հանրության անհաղորդ մնալը՝ մարդկայնորեն դժվար է այսօր կարեկից չլինել Ուկրաինայի ժողովրդին։

Սակայն մենք որպես պետություն Ուկրաինայի իրադարձություններին չենք կարող հուզական նայել։

Դիտարկենք իրավիճակն ըստ վերևի երեք սցենարների։

Պատերազմը ձգձգվում է, Ռուսաստանը ռազմական էական հաջողությունների չի հասնում

Այս սցենարի դեպքում Արևմուտքի կողմից Ռուսաստանի քաղաքական-տնտեսական մեկուսացումը ավելի է խորանում։ Տնտեսական վիճակի վատթարացումը բազմակի ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ դրամական փոխանցումների, արտահանման, ներդրումների կրճատում, արտագնա աշխատողների հաշվին գործազրկության ավելացում և սոցիալական լարվածության աճ։

Քաղաքական առումով, երբ Ռուսաստանում պատերազմի գինը սկսում է բարձրանալ, թուլանում է կենտրոնական իշխանությունը, դաշնային հանրապետություններն ու այլ սուբյեկտներ կենտրոնից սկսում են ավելի մեծ ինքնուրույնություն պահանջել։

Ռուսաստանը ավելի զիջողական և նվազ հաստատակամ է դառնում իր սահմաններից դուրս գտնվող տարածաշրջաններում՝ Սիրիա և, իհարկե, Ղարաբաղ։

Ավելանում են Ադրբեջանի ռազմական սադրանքները Հայաստանի սահմաններին և հատկապես Արցախում, Բաքուն համարձակություն է հավաքում չերկարաձգելու ռուս խաղաղապահների հնգամյա մանդատը (տե՛ս՝ Արցախ․ ի՞նչ անել, եթե հանկարծ խաղաղապահները հեռանան)։ Այս ենթասցենարը կարող է գալ ոչ թե 2025-ին, երբ որոշվելու է ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման մանդատը, այլ 2030-ին։ Նախորդ տասնամյակները ցույց են տվել, որ Ադրբեջանը կարողացել է դրսևորել ռազմավարական համբերություն։ (Իհարկե, այդ երկրում կարող են լինել ներքին փոփոխություններ ևս, սակայն Ղարաբաղի հարցում Ադրբեջանի որևէ կառավարության նպատակ հազիվ թե փոխվի):

Պատերազմը դադարեցվում է, սկսվում է կարգավորման գործընթաց

Այս տարբերակը նվազ անբարենպաստն է Հայաստանի համար (ու ոչ միայն)։ Ռուսաստանը և Ուկրաինան որոշակի համաձայնության են գալիս։ Ադրբեջանը ավելի զգուշավոր է դառնում ռուս խաղաղապահների անվտանգային հովանու ներքո գտնվող Արցախի նկատմամբ իր գործողություններում։ Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է սկսում դարձնել Ղարաբաղյան հակամարտությանը։ Ամրագրում է Մինսկի խմբի վախճանը և խնդիրը տանում է սառեցման կամ էլ կարգավորման՝ իր պատկերացմամբ, տարածաշրջանի կոմունիկացիաների նկատմամբ իր վերահսկողությամբ։

Արևմուտքի հետ խորացած անջրպետի պայմաններում Մոսկվան փորձում է Կենտրոնական Ասիայի երկրների ու Հայաստանի ներգրավմամբ նոր համադաշնություն ստեղծել՝ լրացնելով Ռուսաստան-Բելառուս միությունը։ Հայաստանում աստիճանաբար սահմանափակվում են քաղաքական ազատություններն ու իրավունքները։

Ռուսաստանում սկսվում են խժդժություններ, տապալվում է Պուտինի իշխանությունը

Ռուսաստանում քաղաքական ցնցումները անմիջական ազդեցություն են ունենում նրա «մերձավոր արտասահման» կոչվող տարածքում։ Թուլանում է քաղաքական-ռազմական ուղղահայացը՝ ազդեցություն ունենալով թե՛ Հայաստանում ռուսական զորակազմի ներկայության, թե՛ հատկապես Ղարաբաղում խաղաղապահների գործունեության վրա։ Ռուսները սկսում են հետ քաշվել տարածաշրջանից։

Ադրբեջանը փորձում է իր ամբողջական վերահսկողության տակ վերցնել Արցախը՝ ձգտելով լրիվ հայաթափել այն։

Ադրբեջանը փորձում է նաև միջանցք ստանալ Սյունիքով դեպի Նախիջևան, իսկ եթե բավարար միջազգային հակազդեցություն չի լինում, ռազմական ճանապարհով գրավել հատված Սյունիքից կամ ամբողջ Սյունիքը՝ ունենալով Թուրքիայի աջակցությունն ու օրհնությունը։

Արևմուտքը հայտարարություններից ու քննադատություններից այն կողմ որևէ կերպ չի կարողանում սանձել Ադրբեջանին՝ հաշվի առնելով նաև այս երկրի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար։ Օգտվելով դրանից՝ Բաքուն նրան փաստի առաջ է կանգնեցնում։

․․․

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ սցենարը կարող են պարզապես սասանել Հայաստանի պետականությունը։ Ճիշտ է՝ հնարավոր են շատ այլ սցենարներ ևս։ Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ աշխարհը ու մասնավորապես մեր տարածաշրջանը անկանխատեսելի են, քան երբևէ։

Դիցուք, Հայաստանի համար հնարավոր են նաև միանգամայն լավատեսական սցենարներ։ Սակայն, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել որևէ զարգացման՝ ունենալով հստակ պատկերացում, թե որ իրավիճակում ինչ քայլ է պետք ձեռնարկել։

Մեկնաբանել