Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ տարածաշրջանում առաջատար խաղացող լինել․ Տանձիկյան

ՍիվիլՆեթը զրուցել է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածշրջանում Թուրքիայի հավակնությունների մասին։

Պարոն Տանձիկյան, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում (մարտի 11-13) տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այն չափազանց արդյունավետ ու կառուցողական համարեց: Մինչև այդ էլ երկու անգամ հանդիպել էին երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները: Ձեր տպավորությամբ՝ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը ի՞նչ փուլում է, և կողմերը հատկապես օրակարգային ո՞ր խնդիրների շուրջ են բանակցում:

Էդվարդ Տանձիկյանը

Բանակցությունների բովանդակությունը մեզ հայտնի չէ, բայց կարծես թե երկու երկրների միջև սահմանների բացումը սեղանին դրված հարցերից մեկն է։ Ինչպես հասկանում ենք Միրզոյանի հայտարարությունից, առաջիկայում զարգացում կարելի է սպասել։

Վերջերս «Ակօս» շաբաթաթերթում լույս տեսած հոդվածում նշել եք, որ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում հանդես չգալ պարտված դիրքերից: Սակայն այդ երկու պետությունները, ունենալով համատեղ օրակարգ, փորձում են պայմաններ առաջադրել Հայաստանին, որոնցից մեկը միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովումն է, ինչը մերժելի է հայկական կողմի համար: Պետությունների միջև եղած անհամաձայնությունները կարո՞ղ են ազդել Թուրքիա-Հայաստան բանակցային գործընթացի վրա և ըստ Ձեզ՝ Թուրքիայի համար որքանո՞վ է սկզբունքային հարցի լուծումը հենց միջանցքային տրամաբանությամբ:

Կարելի է կանխատեսել, որ միջանցքային հարցը բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնի։ Սակայն նայելով Անթալիայի հանդիպումից հետո ստեղծված մթնոլորտին՝ կարծում եմ, որ Թուրքիան չի գերադասի այս փուլում այս հարցը սեղանին պահել։ Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ ապագայում այս հարցը կհայտնվի առաջին պլանում։ Իմ ենթադրությունն այն է, որ երկու կողմերն էլ կցանկանան հնարավորինս հետաձգել այս հարցը, քանի որ սա այն խնդիրն է, որը կարող է ընդհատել գործընթացը, և կողմերից ոչ մեկը չի կարող գերադասել, որ գործընթացի սկզբում ընդհատվի: Թե որքանով Թուրքիան կպնդի այս հարցում՝ առայժմ դժվար է կանխատեսել։

Հետպատերազմական իրավիճակում Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է կարևոր դեր խաղալ դրանցում: Տպավորություն է, որ այս անգամ Թուրքիան է մեծապես շահագրգռված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, և ըստ ձեզ՝ Թուրքիան գլխավորապես ի՞նչ հարցեր է փորձում լուծել Կովկասում:

Երբ նայում ենք զարգացումներին, թվում է, որ Թուրքիան Հայաստանից ավելի է պատրաստ հարաբերությունների կարգավորմանը։ Գործընթացն արդեն սկսվել է Էրդողանի հայտարարություններով, կհիշվի: Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում իր և Ադրբեջանի համար։ Սա կարող է նոր հնարավորություններ ստեղծել թուրքական տնտեսության համար, որ ճգնաժամի մեջ է, բացի այդ, տրանսպորտային նոր ուղիներով Կենտրոնական Ասիայի Թյուրքական Հանրապետությունների հետ նոր կապեր հաստատելը կարող է կառավարության ազգայնական քարոզչության հնարավորություններ տալ։ Նաև Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ տարածաշրջանում «փլեյմեյքեր» (խմբ․ – սպորտում՝ հարձակվող) լինել։ Թուրքիայի համար նման տարածք կարող է բացել Հայաստանի հետ իրականացվելիք նորմալացման գործընթացը։

Տարածված կարծիքների համաձայն՝ հայ-թուրքական գործընթացը մեծապես կախված է լինելու Թուրքիայի պահանջներից: Թեպետ կողմերը շարունակում են բանակցությունները առանց նախապայմանների, սակայն ենթադրելի է, որ Անկարան ինչ-որ պահից կարող է բարձրաձայնել իր համար կնճռոտ թվացող հիմնահարցերը: Ի՞նչ եք կարծում՝ Հայատանի համար որո՞նք պետք է լինեն կարմիր գծերը, և ինչպե՞ս պետք է դիմակայել հավանական այդ մարտահրավերներին

Այս հարցին կարելի է պատասխանել միայն ենթադրություններով։ Դժվար է կանխատեսել, թե արդյոք Թուրքիան ապագայում նոր պահանջներ կբերի սեղանին։ Եթե տրամաբանորեն նայենք, ապա Անկարան չպետք է նոր պահանջներ առաջադրի, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված է Թուրքիայի տեսանկյունից։ Այստեղ կարևորն այն է, թե արդյոք Թուրքիան սեղանի շուրջ կբերի Ադրբեջանի պահանջները։ Գործընթացի ընթացքում կարող են քննարկվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելու հարցը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այս հարցերում Ադրբեջանը որքան ճնշում կգործադրի Թուրքիայի վրա։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ պատմական հարցերը Թուրքիայի կողմից սեղանի շուրջ կդրվեն։ Սակայն քաղաքականության և դիվանագիտության մեջ ամեն ինչի պետք է պատրաստ լինել։ Ես այն վիճակում չեմ, որ հստակ մեկնաբանություն անեմ Հայաստանի կարմիր գծերի վերաբերյալ:

Պարոն Տանձիկյան, Թուրքիայի ներսում հասարակությունը ինչպե՞ս է վերաբերվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Կարծիքիները շա՞տ են տարբերվում միմյանցից։

Կարելի է ասել, որ այդ հարցը թուրքական հանրության օրակարգում չկա։ Ընդդիմադիր կուսակցությունները ոչ թե դեմ են գործընթացին, այլև հետաքրքրություն չեն ցուցաբերում։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որն ամենաշատ ընդդիմությունն է սպասվում, արդեն իսկ իշխանության գործընկեր է։ Այնուամենայնիվ, քանի որ գործընթացը զարգանում է, և դարակում առկա խնդիրները հայտնվում են առաջին պլանում, որոշ առարկություններ կարող են առաջանալ: Սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացին առայժմ հակազդեցություն չկա։

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել