Ուկրաինայում պատերազմը Հայաստանին ու Ղարաբաղին կարող է խնդիրների առաջ կանգնեցնել

Russia-invasion-Armenia-nagorno-karabakh

Տիգրան Գրիգորյան

Հոդվածը հրապարակվել է OC Media կայքում

Ուկրաինա ներխուժման արդյունքում կարող ենք Հարավային Կովկասում ականատես լինել մեկուսացված և վերածնվող Ռուսաստանի, ինչը կարող է խնդրահարույց հետևանքներ ունենալ Հայաստանի ինքնիշխանության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար:

Ռուսական ներխուժումն Ուկրաինա մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ փոխեց Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների ողջ դինամիկան։ Մոսկվան, սկսելով իր լայնածավալ հարձակումն Ուկրաինայի դեմ, հատեց կարմիր գիծը ու դարձավ արևմտյան աննախադեպ պատժամիջոցների թիրախ։ Հավաքական Արևմուտքն այժմ որդեգրել է Ռուսաստանին լիակատար մեկուսացնելու և բացառելու քաղաքականություն։

Մոսկվայի ռևիզիոնիստական գործողությունները, ինչպես նաև արևմտյան մայրաքաղաքներում քաղաքականության լուրջ փոփոխությունները, անկասկած, լուրջ հետևանքներ կունենան ողջ Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի համար։ Անկախ պատերազմի ելքից՝ աշխարհն ու տարածաշրջանը այլևս երբեք նույնը չեն լինի։

Մինսկի խմբի և ռուս խաղաղապահների ապալեգիտիմացումը

Միտումը հատկապես էական ազդեցություն կունենա Ղարաբաղյան կարգավորման միջնորդական գործընթացի վրա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է։ Այնուամենայնիվ, այն մեծապես լուսանցք է մղվել 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով Ռուսաստանի դերի աճի և ձևաչափը շարունակելու Ադրբեջանի դժկամության պատճառով:

Մինսկի խումբը երկար տարիներ եղել է սակավաթիվ այն ձևաչափերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են և չեն առճակատվել միմյանց: Դա կարծես այլևս այդպես չէ:

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է վերջին մեխը լինել Մինսկի խմբի դագաղին. Ռուսաստանի լիակատար մեկուսացման Արևմուտքի նոր քաղաքականությունը, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա իր վերահսկողությունը խստացնելու Մոսկվայի ձգտումները մեծ տեղ չեն թողնի հետսառըպատերազմյան աշխարհակարգի նման մնացորդների գոյության համար:

Ուկրաինա ռուսական ներխուժման մեկ այլ լուրջ հետևանք կարող է լինել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աստիճանական լուսանցք մղումը և ապալեգիտիմացումը: Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ի պատերազմին վերջ դրած համաձայնագրի շրջանակում մի քանի հազար ռուս զինծառայող է տեղակայվել հակամարտության գոտում։

Արևմտյան հիմնական դերակատարների վերաբերմունքը խաղաղապահ ուժերի նկատմամբ բավական կառուցողական էր՝ մինչև Ուկրաինա ներխուժումը։ Արևմուտքում հստակ պատկերացում կար, որ ռուս խաղաղապահների ներկայությունը դրական և կայունացնող դեր է խաղում հակամարտությունում։

Այնուամենայնիվ, ներխուժման լույսի ներքո այս մոտեցումը կարող է փոխվել: Պատահական չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանի պետական լրատվամիջոցները և իշխանամետ փորձագետները անհիմն պնդումներ են տարածում Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ռուսական որոշ զորքերի ենթադրյալ տեղակայման մասին:

Հայաստանի և Արցախի Հանրապետության համար սա գոյութենական խնդիր է։ Առանց հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի մշտական առկայության՝ Լեռնային Ղարաբաղը կկանգնի էթնիկ զտումների մռայլ հեռանկարի առաջ, իսկ ռուսական խաղաղապահ առաքելությանը ներկայում իրատեսական այլընտրանքներ կարծես թե չկան։

Շատ ավելի բարդ հավասարակշռություն

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ամենամեծ հետևանքներից մեկը կլինի Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության հետագա նվազումը։

Ռուսաստանը և Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց պրագմատիկ փոխգործակցությունը Հարավային Կովկասի հետ՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել արտաքին խաղացողների դերը։ Այս գործընթացը սկսվել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ 3+3/3+2 ձևաչափի ստեղծմամբ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և, հավանաբար, Վրաստան) և միայն կուժեղանա ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Ռուս-արևմտյան առճակատումը նաև էականորեն կնվազեցնի Հայաստանի՝ արտաքին քաղաքական հարցերում մանևրելու հնարավորությունը։

Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց այս միտման առաջին նշաններն արդեն տեսանելի են։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի ղեկավարությունը առավելագույն ջանքեր է գործադրում չեզոքություն պահպանելու համար։ Պաշտոնական Երևանը փորձում է զուսպ լինել և կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել հակամարտությունը:

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձեռնպահ է քվեարկել ռուսական ներխուժումը դատապարտող բանաձևին։ Երևանը նաև դժկամ է ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։

Երևանի չեզոք դիրքորոշումը նկատելիորեն նյարդայնացրել է Կրեմլին։ Մարտի 4-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի վերոնշյալ քվեարկությունից երկու օր անց, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցան։ ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած զանգի պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են միջազգային հարթակներում «մոտեցումների համակարգման» հարցը։ Ակնհայտ է, որ Մոսկվան վրդովված էր ՄԱԿ-ում Երևանի ձեռնպահ մնալուց և օգտագործեց այս զանգը՝ կրտսեր գործընկերոջը կշտամբելու համար։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ռուսական ճնշումը Հայաստանի վրա վստահաբար կավելանա։

Ավելին, զգալի ռիսկ կա, որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը կփորձի ինտեգրել Հայաստանին Բելառուսի հետ իր միութենական պետության մեջ՝ նպատակ ունենալով ամրապնդել դիրքերը Երևանում։ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան փորձում է առաջ մղել Հայաստանում միութենական պետության օրակարգը։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ավելի համառ կդառնա ուկրաինական պատերազմից հետո՝ Հայաստանի ներսում իր դաշնակիցներին այս գործընթացում օգտագործելով:

Ակնհայտ է նաև, որ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանին կտանի դեպի հետագա ավտորիտարիզմ։ «Ռուսական ամրոց» մոդելը երկրի ներսում չի հանդուրժի որևէ այլախոհություն։ Երկրի քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և քաղաքական ակտիվիզմի վերջին մնացուկները արագ կճնշվեն։ Ռուսաստանի ներսում դեպի ավելի մեծ ավտորիտարիզմ այս թեքումը կարող է ազդել նաև Հայաստանի ներքին քաղաքականության վրա։

Վերջին տարիներին Հայաստանում ներքաղաքական զարգացումների նկատմամբ Կրեմլի մոտեցումը բավական պրագմատիկ է եղել։ Այն հանդուրժում էր երկրում ժողովրդավարական փոփոխությունները, քանի դեռ դրանք չէին ազդում Երևանի արտաքին քաղաքական վեկտորի վրա։ Օրինակ, Մոսկվան չեզոք և հավասարակշիռ հայտարարություններ արեց ինչպես 2018-ի թավշյա հեղափոխության, այնպես էլ 2021-ին հայ բարձրաստիճան զինվորականների կողմից կիսա-հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ։

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հայաստանի ներքին քաղաքականությանը Մոսկվայի միջամտությունը կարող է մեծանալ։ Մոսկվայում պաշարված լինելու մտածելակերպի ուժեղացումը կարող է կրկին ակտիվացնել Կրեմլի՝ Հայաստանի նման երկրներում ներքին գործընթացների վրա ավելի մեծ վերահսկողություն ունենալու ցանկությունը։

Այսպիսով, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա էապես բարդացրել է Հայաստանի անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Երևանի հավասարակշռման գործողությունը ժամանակի ընթացքում էլ ավելի կբարդանա:

Ավելին, Հայաստանը կկանգնի ծանր մարտահրավերի առաջ՝ դիմակայելու Ռուսաստանի ծավալապաշտական օրակարգին։

Ռուսաստանի ռազմական արշավն Ուկրաինայում, ռուս-արևմտյան հարաբերությունների կտրուկ վատթարացմանը զուգահեռ, արդեն իսկ վտանգել են Ղարաբաղյան հակամարտության գոտու փխրուն խաղաղությունը և ապագայում շատ ավելի անորոշություններ կառաջացնեն:

Երևանում որոշում կայացնողներից հսկայական ջանքեր կպահանջվեն՝ աշխարհաքաղաքական անհանգիստ այս նոր ժամանակաշրջանում Հայաստանի ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել