Ինչու չի հանվում արտահանման մաքսավճարը․ էկոնոմիկայի նախարարի բացատրությունը

Վահան Քերոբյան

Կառավարությունը հայտարարում է՝ արտահանմանը միտված տնտեսություն, ինչո՞ւ ենք մաքսավճար սահմանել. Ազգային ժողովի մարտի 23-ին նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Ազգային ժողովում մարտի 23-ին քննարկվում էր արտահանման վերաբերյալ կառավարության նախագիծը։ Գործադիրն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները։

Հարցի քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, թե ինչու է կառավարությունն մաքսավճարներ սահմանում, եթե պետության քաղաքականությունն է հնարավորինս աջակցել արտահանմանը։

«Ինձ մի քիչ անհասկանալի և ինչ-որ տեղ նաև նորություն էր, որ ընդհարապես Հայաստանից արտահանելու համար մի հատ էլ գումար ենք դնում, որովհետև մեծ հաշվով՝ մեր ու կառավարության քաղաքականությունն էր արտահանմանը միտված տնտեսություն ունենալ։ Հիմա ինչո՞ւ ենք 1 միլիոն որոշել, եթե ոչ 10 կամ 20 միլիոն. այդ մարդկանց հնարավորություն տանք ազատորեն արտահանել, որովհետև մեծ հաշվով այդ գումարները Հայաստան են գալիս»,- հարցրեց պատգամավորը։

Նախարար Քերոբյանը նշեց, որ կարիք չեն տեսնում այդ հարցը վերանայել. «Աշխարհում ընդունված է՝ պետք է արտահանման գործարքները հաշվարկվեն, որոշ դեպքերում ստուգվեն, իսկ 1 միլիոնից վերև կարելի է չհամարել փոքր և միջին ձեռնարկատիրության գործարքներ, կարիք չենք տեսնում այդ սահամանափակումը վերացնել, որովհետև կան շատ խնդիրներ ու հարցեր, որոնք պետք է այնուամենայնիվ պատշաճ կերպով արձանագրվեն»։ Նա նշեց, որ Ազգային ժողով բերած փոփոխությունն ավելի շատ միտված է հենց ՓՄՁ-ի արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը։

«Կառավարությունն իր հնգամյա ծրագրով մեծ ուշադրություն է դարձնում ու դարձնելու է ՓՄՁ զարգացմանը, և մեր ուշադրությունը սևեռվելու է այն ընկերությունների վրա, որոնք ունեն աճի մեծ պոտենցիալ, իսկ դրանք այն ընկերություններն են, որոնք արտահանմամբ են զբաղվում։ Ուստի այս, խոչընդոտը վերացնելով՝ մեր առջև դրված խնդիրներն ենք լուծում»,- նշեց նախարարը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել