Կառավարությունը դիտարկում է Ռուսաստանի հետ դրամով առևտրի հնարավորությունը

economy

Կառավարությունը բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի և պատասխանատու գերատեսչությունների հետ արտահանման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ հաջորդ շաբաթ շոշափելի արդյունք կունենան։

Ազգային ժողովում մարտի 23-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասաց, որ Հայաստանի բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն, քանի որ շատ տնտեսվարողների պայմանագրեր ԱՄՆ դոլարով էին, և այժմ դժվարություններ կան վճարման հետ կապված։ Ըստ նրա՝ էլ ավելի բարդ է իրավիճակը ռուբլիով պայմանագրերի դեպքում։

Հաջորդ շաբաթ գործադիրը նախատեսում է այս խնդիրների լուծմանը միտված որոշման նախագիծ քննարկել։ «Նախագծով փորձելու ենք, այսպես ասած, թթվածին տալ արտահանող ընկերություններին, որպեսզի նրանք իրենց ժամանակավոր կանխիկի հոսքերի խզումը կարողանան լուծել»,- նշեց Քերոբյանը։

Նախարարն անդրադարձավ արտահանման ընթացքում արտարժույթով գործարքներ կնքելու խնդրին. «Այսօր արտահանողների մեծ մասը լուրջ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլիով արտահանումներ իրականացնելու մեջ։ Ներկայում մենք և Հայաստանի Կենտրոնական բանկը Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի հնարավոր լինի ռուբլի-դրամ «swаp» կնքել։ Արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը ռուս գործընկերների մոտ և վճարել դրամով»,- հայտնեց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ հաջորդ շաբաթ որոշումների մի մասն ուժի մեջ կմտնի։

Տե՛ս նաև՝ Ինչու չի հանվում արտահանման մաքսավճարը․ էկոնոմիկայի նախարարի բացատրությունը

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել