Հայաստանում անմաքս առևտրի շեմը ոչ թե 1000 եվրո է, այլ մոտ 400 եվրո

CivilNetCheck

Անի Գրիգորյան

Պետական եկամուտներ կոմիտեն մարտի 18-ին հայտնել էր, որ մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո:

Սակայն Հայաստանի դեպքում անմաքս առևտրի շեմը կլինի ոչ թե 1000 եվրո, այլ մոտ 400 եվրո։

Այսպես, ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ԵՏՀ խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։

Հայաստանի ազգային օրենսդրությամբ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով (249-րդ հոդված) առանց մաքսատուրքերի հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200 000 դրամ և (կամ) 30 կգ։

Փաստացի Հայաստանում գործելու է 200 000 դրամ կամ շուրջ 30 կգ սահմանաչափը։

Այնուամենայնիվ սա դրական փոփոխություն է Հայաստանի համար։ Այսպես, 2019-ին ԵՏՀ հանձնաժողովի որոշմամբ անմաքս առևտրի շեմը սահմանվել էր 200 եվրո, և անդամ պետություններում, անկախ նրանից՝ ազգային օրենսդրությամբ ինչ նորմեր էին սահմանված, պետք է գործեր 200 եվրոյի շեմը։ Այժմ, փաստացի, առանց մաքսազերծման հնարավոր կլինի ներմուծել մինչև 200 000 դրամի կամ ավելի քան 400 եվրոյի ապրանքներ։

Մեկնաբանել