Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գներն աճել են 40 տոկոսով․ «Ակցեռնի» նախագահ

Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների հոսքից հետո Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գներն աճել են միջինը 40 տոկոսով, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։

«Հայաստանի համար աննախադեպ է այս ակտիվությունը։ Սա անսպասելի էր և իրավիճակային փոփոխություն է կատարվել․ գների բարձրացումը միջինացված մոտ 30-40 տոկոս է։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մեր քաղաքացիների կողմից բնավորության համապատասխան չարաշահումների ցանկություն է առաջացել՝ կրկնակի, եռակի օգուտներ քաղելու այս իրավիճակից, ինչը, իմ կարծիքով անթույլատրելի է»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան ժամանած ռուսների, բելառուսների գերակշիռ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են, որոնք ավելի երկարաժամկետ են լքել իրենց երկրները․ «Պատերազմի դեպքում հաշվարկվում է, որ այն մոտ երկու ամսում կավարտվի, բայց պատժամիջոցների մասով, ես այն կարծիքին, որ դրանք դեռ երկար են մնալու, իսկ ՏՏ ոլորտը չի կարող պարապուրդի մատնվել՝ սպասելով պատերազմի ավարտին։ Կարծում եմ՝ Ուկրաինայից այցելածները պատերազմի ավարտից հետո կվերադառնան իրենց հայրենիքը վերականգնելու, բայց Ռուսաստանի և Բելառուսի մասով սա երկար գործընթաց է իր մեջ ներառում»,- ասաց «Ակցեռնի» նախագահը։

Հակոբ Բաղդասարյանը նշում է նաև, որ անշարժ գույքի շուկայի կեսից ավելին՝ մոտ 100 հազար միավոր գույք, ստվերում է։ Հիմնական պատճառը, ըստ նրա՝ օրենսդրական բացն է։

«Եթե գրանցումը (վարձակալության պայմանագրի գրանցումը – խմբ․) ինչ-որ չափով կարգավորված է, ապա չեղարկելու մասը նույն գրանցման պրոցեսն է, բայց այստեղ խնդիր կա։ Մյուս կողմը կարող է բացակայել, կամ ինչ-որ խնդիրներ առաջանան՝ լուծարվի և այլն, և նա չներկայանա։ Պարզ լուծում է հարկավոր, այսինքն՝ ժամկետ է նշվում, և եթե ավարտվում է ժամկետը, պայմանագիրը պետք է ավտոմատ չեղարկվի, ոչ թե պարտադիր պայման լինի որ երկու կողմն էլ անպայման պետք է տան չեղարկելու համաձայնությունը։ Այսինքն, միայն պայմանագիրը երկարացնելը պետք է լինի համաձայնությամբ, իսկ չեղարկումը պետք է լինի արագ»,- ընգծում է նա։

Բաղդասարյանը նկատում է, որ կարճաժամկետ վարձակալության մեխանիզմին ևս պետք է օրենսդրական լուծում տրվի։ Երկարաժամկետի համեմատ, նրա կարծիքով՝ այս դեպքում պետք է գործի ավելի պարզեցված և հեշտացված կարգ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել