Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն․ Միրզոյան

«Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա»-, այս մասին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ բան, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ամբողջ օրակարգը։ Համապարփակ խաղաղության համար մենք մեր օրակարգի առաջարկներով լրացրել ենք և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահությանը։ Համանախագահող երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- հայտնեց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի առաջարկների հիմնական նպատակներից մեկը այն է, որ հայկական կողմի համար շարունակում է սկզբունքային մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և կարգավիճակի հարցը․ «Հնարավոր չէ որևէ օրակարգ անվանել ամբողջական, քանի դեռ այս հարցը ևս հասցեագրված չէ»,- ասաց նա։

«Հայաստանի առաջարկները գրեթե 100 տոկոսով բացահայտված են Արմենպրեսին տված իմ հարցազրույցում։ Չկա մի բան առաջարկներում, որը բացակայում հարցազրույցից»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են, Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները»։

«Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, ընդհուպ մինչև համատեղ քննարկումները։ Բայց նաև ելնելով որոշակի կոնկրետ ազդակներից, որ ստացել եմ, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և սա բավականին հուսադրող է»,- ասաց Միրզոյանը։

Մեկնաբանել