Ակնկալվում է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման վերջնարդյունքը կլինի սահմանի բացումը․ Միրզոյան

Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում «տակտիկական, տեմպի առումով տարբերություններ կան», սակայն երկու կողմերի նպատակն ու վերջնարդյունքի ակնկալիքը հայ-թուրքական սահմանի բացումն է․ մարտի 23-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Միրզոյանի խոսքով՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցությունը ճիշտ որոշում էր։

Միրզոյանը դրական գնահատեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումը. «Երկու նախարարների հանդիպումը դրական ազդեցություն ունեցավ, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց վերահաստատեցինք, որ շարունակում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների նորմալացման գործընթացը»։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում «տակտիկական, տեմպի առումով տարբերություններ կան», սակայն երկու կողմերի նպատակն ու վերջնարդյունքի ակնկալիքն է հայ-թուրքական սահմանի բացումը։ Միրզոյանը հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկվել են սահմանային, առևտրային հարցեր։

Մարտի 12-ին Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն այն որակել է «արդյունավետ և կառուցողական»։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «շարունակվում է հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների»։

Մեկնաբանել